Միացյալ Նահանգների Կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրեսում շրջանառության մեջ է դրել նամակ, որով գործընկերներին առաջարկում է Հռոմի Ֆրանցիսկոս պապին առաջադրել 2016թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի, «Ամերիկայի Ձայնին» հայտնել են Կոնգրեսական Շիֆի աշխատակազմում:
Նամակը Կոնգրեսի դեմոկրատ եւ հանրապետական անդամների միջեւ է տարածվել Հռոմի պապի՝ Կոնգրեսում նախատեսված ելույթից մեկ օր առաջ: Ադամ Շիֆն իր նամակում ընդգծում է Ֆրանցիսկոս պապի նվիրվածությունը խաղաղությանը եւ նրա խիզախ կեցվածքը մարդու իրավունքների պաշտպանության ու ցեղասպանությունների դատապարտման խնդիրներում:
Վաշինգտոնում Պապը հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ երթով անցել է ԱՄՆ-ի մայրաքաղաքի փողոցներով:
Նույն օրը Վաշինգտոնի Անարատ Հղիության ազգային տաճարում անցավ Կալիֆորնիայում 18-րդ դարում քրիստոնեական առաքելություն հիմնած կուսակրոն Ջունիպերո Սեռռային սրբերի շարքին դասելու արարողությունը:
Սեպտեմբերի 24-ին Հռոմի պապը ելույթ կունենա Ամերիկայի կոնգրեսականների առջեւ եւ կհանդիպի աղքատ ընտանիքների:
Ֆրանցիսկոս պապի հաջորդ կայանատեղին Նյու Յորքն է լինելու, որտեղ նա ելույթ է ունենալու ՄԱԿ-ում աշխարհի առաջնորդների առջեւ, Սբ. Պատրիկի տաճարում մասնակցելու է համատեղ աղոթքի եւ այցելելու է Հարլեմի դպրոցներից մեկում սովորող կարիքավոր ընտանիքների երեխաներին:
Միացյալ Նահանգներ այցն ավարտվելու է Ֆիլադելֆիայում, որտեղ Պապը մասնակցելու է Ընտանիքի փառատոնին, իսկ Քարրան Ֆրոմհոլդ ուղղիչ հիմնարկում հանդիպելու է կալանավորներին:
Մինչեւ այցի ավարտը Ֆրանցիսկոս պապը մի քանի ժամ անց է կացնելու կամավորների հետ: