Փախստականների օրեցօր աճող հոսքը դեպի Եվրամիություն միացյալ Եվրոպային բարդ երկընտրանքի առաջ է կանգնեցրել. երկրների մի մասը, Գերմանիայի ու Շվեդիայի գլխավորությամբ հայտարարում են գաղթականներին ընդունելու ու անդամ-պետությունների միջեւ բաշխելու անհրաժեշտության մասին, մինչդեռ Արեւելյան Եվրոպայի երկրները պահանջում են ուղղակի սահմանափակել փախստականների հոսքը Եվրամիություն:
Բրյուսելում Եվրամիության ներքին գործերի նախարարների անցած հանդիպման ընթացքում Գերմանիայի ներկայացուցիչը հայտարարել էր, որ նախատեսված 800,000-ի փոխարեն Գերմանիան պատրաստ է մեկ միլիոն ներգաղթյալ ընդունել եւ կոչ արել մյուս անդամ երկրներին հետեւել այդ օրինակին.
«Գերմանիան ընդունում է մարդասիրական իր պատասխանատվությունը, սակայն, փախստականների հսկայական հոսքի արդյունքում առաջացած այս բեռը պետք է բաշխվի ամբողջ Եվրոպայի միջեւ»:
Մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների խոսքով, վերջին շաբաթներին Եվրամիության տարածք արդեն իսկ ժամանել է 430,000-ից ավելի փախստական: Մերձավոր Արեւելքից դեպի Եվրոպա ճանապարհը բարդ է ու վտանգավոր եւ շուրջ 3,000 փախստական, այդ թվում կանայք եւ երեխաներ, մահացել կամ սպանվել են մինչեւ Եվրամիության սահմանը հատելը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի կարծիքով, փախստականների աճող հոսքը Եվրոպայում ընդունելու փոխարեն Եվրամիությանն անհրաժեշտ է հենց Թուրքիայում մարդասիրական ճամբարներ ստեղծել, ինչը փախստականներին զերծ կպահի Եվրոպա ուղեւորվելուց։ Մինչդեռ Եվրոպա ժամանած գաղթականների մի մասը, Ֆրանսիայի ներկայացուցչի կարծիքով, պետք է հետ ուղարկվի.
«Մենք պետք է որոշենք, թե ովքեր են իրական փախստականներ, իսկ ովքեր՝ տնտեսական ներգաղթյալներ եւ պետք է հետ ուղարկվեն»:
Մինչ քաղաքական գործիչները քննարկումներ են անցկացնում, բազմաթիվ շարքային եվրոպացիներ իրենց դռներն են բացում փախստականների առջեւ: Այսպես, Գերմանիայի Օգսբուրգ քաղաքի Կոսմոպոլիս հյուրանոցի տերը որոշել է սենյակների մի մասն անվճար տրամադրել Սիրիայից ժամանած փախստականներին, որոնցից պահանջվում է ընդամենը սենյակները մաքուր պահել: