Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգները ճանաչում է ԼՂ-ի բնակչության դերը, սակայն չի ճանաչի առաջիկա ընտրությունները


«Միացյալ Նահանգները ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը», հինգշաբթի օրն անցկացված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին, միեւնույն ժամանակ ավելացնելով, որ Վաշինգտոնը չի ճանաչի Ղարաբաղում սեպտեմբերի 13-ին կայանալիք տեղական ընտրությունների ազդեցությունը դրա վերջնական կարգավիճակի վրա.

«Հակամարտության բազմակողմանի կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք սեփական ապագան որոշելու գործում Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը, սակայն Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ ինքնիշխան պետություն: Եվ մենք չենք ճանաչի սեպտեմբերի 13-ի այսպես կոչված ընտրությունների ազդեցությունը շրջանի իրավական կարգավիճակի վրա»:

Քըրբին ընդգծեց նաեւ, որ «այսպես կոչված ընտրությունները» որեւէ կերպ չեն կանխորոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների արդյունքները:

Ավելի վաղ տարածած մամլո հաղորդագրության մեջ Պետքարտուղարությունը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արել զերծ մնալ բռնությունից:

Միացյալ Նահանգները դատապարտում է քաղաքացիական անձանց դեմ ուղղված ցանկացած ռազմական գործողություն եւ կոչ անում անմիջապես դադարեցնել բռնությունները:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքն սոցիալական ցանցերում հարց է տվել, թե արդյո՞ք Հայաստանում եւ Ադրբեջանում կգտնվի Աբրահամ Լինքոլնի նման անձ, որը խաղաղություն եւ հաշտություն կբերի:

XS
SM
MD
LG