Մատչելի հղումներ

Կոնգրեսականներ. Միացյալ Նահանգները պետք է գլխավորի Արեւելքի քրիստոնյաների պաշտպանությունը


Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է պայքարել ձայնից զրկված Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների իրավունքների համար, հայտարարել են Վաշինգտոնում անցնող «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության կլոր սեղանի մասնակիցները, որոնց թվում էին մի շարք ամերիկյան օրենսդիրներ:

Կոնգրեսում հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ կոնգրեսական Բոբ Դոլդն իր ելույթում նշեց, թե ժամանակն է, որ Միացյալ Նահանգների ձայնն ավելի բարձր լսվի Արեւելքի քրիստոնյաների իրավունքների պաշտպանության գործում.

«Միացյալ Նահանգները, որպես մարդու արժանապատվությունը պաշտպանող հզորագույն երկիր, պետք է միանշանակ ազդանշան ուղղի, որ մենք չենք հանդուրժելու այն երկրներին, որոնք չեն պաշտպանում կրոնական ազատությունների ամենահիմնարար իրավունքները, հատկապես, երբ դրանք կրոնական փոքրամասնություններին են վերաբերում»:

Միացյալ Նահանգների կողմից Արեւելքում բնակվող քրիստոնյաների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը շեշտեց նաեւ կոնգրեսական Մայք Քոֆմանը, որի խոսքով, քրիստոնյաների վիճակն այդ տարածաշրջանի որոշ եկրկներում մահացու ծանր է.

«Մերձավոր Արեւելքում քրիստոնյաները համակարգված հալածանքների են ենթարկվում եւ անհանգստությունս այն է, որ եթե Միացյալ Նահանգները գործողություններ չձեռնարկի, այս ամենը լավ չի ավարտվի»:

Այս կապակցությամբ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Կառավարության հետ կապերի բաժնի տնօրեն Քեյթ Նահապետյանն ընդգծեց օրենսդիրների կողմից առաջարկված օրինագծի կարեւորությունը, որը Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների ոչնչացումը ցեղասպանություն է որակում: Սա հենց այն է, ինչ մենք քարոզել ենք անցյալում, կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ավելացրեց Նահապետյանը, ում կարծիքով, խնդիրը վերացնելուց առաջ անհրաժեշտ է դրան ճիշտ բնորոշում տալ:

Հայոց ցեղասպանության մասին խոսեցին նաեւ ԱՄՆ-ի օրենսդիրները: Ըստ կոնգրեսական Դոլդի, Մերձավոր Արեւելքում այժմ տեղի ունեցող իրադարձությունները կրկին անգամ ապացուցում են հայերի ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, պաշտոնական Անկարան Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին իր տարածքում իրականացված հայերի կոտորածները ցեղասպանություն չի համարում: Մինչդեռ կոնգրեսական Քոֆմանի կարծիքով, կարեւոր է, որ հենց Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը.

«Երբ երկիրը սեփական պատմությունը չի ճանաչում, այն կարծես չսպիացող վերք լինի: Կարծում եմ, որ հայ ժողովրդին վերաբերող իր պատմությունը կազդուրելու համար անհրաժեշտ է, որ Թուրքիան այն հրապարակայնորեն ճանաչի եւ կարգավորի այդ հարցում սեփական պատմությունը:

XS
SM
MD
LG