Մատչելի հղումներ

Ճակատագրական պահ՝ Իրանի համար


Այս շաբաթ Վաշինգտոնում սպասվում է տարվա կարեւորագույն իրադարձություններից մեկը՝ ամերիկյան օրենսդիրները որոշելու են Իրանի միջուկային ծրագրի դադարեցման շուրջ ամռանը ձեռք բերված համաձայնագրի ճակատագիրը: Նախագահ Օբամայի կուսակից կոնգրեսականներից շատերը հայտարարում են, որ թեեւ վերապահումներով, իրենք պատրաստ են համաձայնագրին կողմ քվեարկել:

«Մենք չենք կարող վստահել Իրանին, սակայն, կոշտ դիվանագիտության վրա հիմնված այս համաձայնագիրը Իրանին միջուկային զենք ձեռք բերելուց զերծ պահելու լավագույն հնարավորությունն է», - հայտարարել է սենատոր Քրիս Քունսը:

Դելավերի սենատոր Քրիս Քունսի դիրքորոշումը հրապարակայնորեն կիսում են մի շարք այլ դեմոկրատներ, այդ թվում Նյու Ջըրզին ներկայացնող սենատոր Քորի Բրուքերն ու Վիրջինիայի սենատոր Մարք Վարները: Այլ կարծիքի են Նյու Յորքի սենատոր Չաք Շումերը, Բեն Քարդինը Մերիլենդից եւ Նյու Ջրզիից Ռոբերտ Մենենդեզը.

«Մենք տեղյակ ենք, որ թեեւ Իրանը պնդում էր, որ իր միջուկային ծրագիրը միայն խաղաղ նպատակների է ուղղված, այն խաբեությամբ շրջանցել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերն ու միջուկային զենք մշակելու շեմին է»:

Իրանի հետ համաձայնագրի հակառակորդները նախատեսում են ի սկզբանե արգելակել դրա մուտքը Կոնգրես, սակայն նախագահ Օբաման հայտարարել է, որ այդ դեպքում կօգտվի իր վետոյի իրավունքից եւ արգելակումը չեղյալ հայտարարելով, համաձայնագիրն այնուամենայնիվ կոնգրեսականների քննարկմանը կառաջարկի: Այդ դեպքում, առաջին քվեարկությունը ԱՄՆ-ի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ:

XS
SM
MD
LG