ՆԱՍԱ-ի գործադիր տնօրեն Չարըլզ Բոլդենի խոսքերով ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների գործակալությունը և համաշխարհային շատ այլ ընկերություններ արդեն մի քանի տասնամյակ է խոսում են կլիմայի փոփոխության հետևանքները հասկանալու կարևորության մասին: Չարըլզ Բոլդենը ասում է, որ եթե ուշադրություն դարձնենք հետազոտությունների տվյալներին, ի վիճակի կլինենք ճիշտ քայլեր ձեռնարկել:
Ջերմաստիճանի բարձրացումը նկատելի կլինի հատկապես երկրագնդի հյուսիսային բևեռում, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի այն հատվածում, որն այժմ սառցապատ է: Սառցաբեկորների հալոցքի հետևեանքով համաշխարհային ծովի մակարդակը զգալիորեն կբարձրանա: Ջերմաստիճանի բարձրացումը նկատելի կլինի հիմնականում ցամաքային տարածքներում: Օվկիանոսի ջերմաստիճանը շատ չի բարձրանա ալիքների մշտական շարժի շնորհիվ: Օվկիանոսը կկլանի տաք էներգիան, սակայն խորության շնորհիվ մակերևույթի ջերմաստիճանը չի բարձրանա:
Արևելյան Աֆրիկայում և Սահելի անապատներում տեղումների 100%-ի աճ կլինի, միաժամանակ Միջերկրական ծովի տարածաշրջանում հակառակ գործընթացը տեղի կունենա, տեղումները 40%-ով կնվազեն: Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի հյուսիսային հատվածում տեղումները կշատանան, իսկ հարավային հատվածում՝ կնվազեն:
ՆԱՍԱ-ի ղեկավարը Ամերիկայի Ձայնին տված իր հարցազրույցի ժամանակ նշում է, որ իրենց գիտնականների կարծիքով ծովի մակարդակի բարձրացման 1/3ը օվկիանոսի տաք ջրի ծավալի մեծացման հետևանքով կլինի, 1/3ը սառցաբեկորների հալոցքի, մնացածը՝ սարերի գագաթներից հալվող սառցադաշտերի հետևանքով:
Ստելլա Գրիգորյան