Մեքսիկայի և ԱՄՆ-ի սահմանը անօրինական կերպով հատող մարդիկ, շատ հնարամիտ են, և կարողանում են շրջանցել սահմանը պահպանող իրավապահ մարմիններին: Մայան անօրինական կերպով ԱՄՆ-ի սահմանը հատել է տաս տարի առաջ: Նրա խոսքերով, նա գիտեր, որ շատ խնդիրներ կունենար, փաստաթղթեր չունենալու պատճառով: Սակայն, շատերը ԱՄՆ-ում իրենց կյանքը հաջողությամբ դասավորել են, նույնիսկ առանց փաստաթղթերի:
Մայան Մեքսիկայից ԱՄՆ է տեղափոխվել իր ընկերոջ, այժմ ամուսնու հետ: Նրանք ունեն ութնամյա դուստր, որը ԱՄՆ-ի քաղաքացի է: Մայան ասում է, որ նրա մեծագույն վախը երկրից վտարվելը կամ բանտարկվելն է:
Սակայն, ըստ ԱՄՆ-ի ներգաղթի բարեփոխումների դաշնության նախագահ Դեն Սթեինի, անօրինական ներգաղթյալները պետք է վտարվեն: Նրա խոսքերով, միլիոնավոր մարդիկ ցանկանում են տեղափոխվել ԱՄՆ, սակայն նրանք դա ինքնուրույն որոշելու իրավունք չունեն:
«Քասա Դե Մերիլանդ» խմբի փաստաբան Ջորջ Էսկոբարի խոսքերով, մասսայական վտարումը խելամիտ չէ: Նա ասում է, որ ԱՄՆ-ի տնտեսության համար ավելի շահավետ և էժան կլինի, ներգաղթյալներին օրինական բնակվելու իրավունք տալ:
32 նահանգներում գտնվող, «Ապաստարան Քաղաքներ» կոչվող 276 քաղաքները, այս խնդիրը միայն բարդացնում են: Այս քաղաքներում ոստիկանությանը չի թույլատրվում, մարդկանց կանգնեցնել և հարցնել իրենց ներգաղթողի դրության մասին: Դեն Սթեինի կարծիքով, կասկածներ ունենալու դեպքում, ոստիկանությունը պետք է մարդկանց հարցաքննելու հնարավորություն ունենա:
2014-ին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օրենք առաջադրեց, համաձայն որի, երկրում գտնվող անօրինական ներգաղթյալների կեսը հնարավորություն կստանային մնալ երկրում: Սակայն նախաձեռնության հակառակորդները, այս կապակցությամբ գործ հարուցեցին դատարանում:
Ստելլա Գրիգորյան