ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին անդրադարձել է Հիրոսիմայի միջուկային ռմբակոծման 70-րդ տարելիցին՝ կապելով դրա ազդեցությունը Իրանի հետ կնքված ատոմային գործարքի կարևորության հետ. «Կարիք չկա ասելու, որ Հիրոսիման շատ և շատ հզոր հիշողություն է ոչ միայն պատերազմի դասերի և մարդկանց ու երկրների վրա ազդեցության առումով, այլ նաև ընդգծում է Իրանի հետ մեր ձեռք բերած համաձայնագրի կարևորությունը՝ կրճատելու համար ավելի շատ միջուկային զենքերի առաջ գալու հավանականությունը»:
Հինգշաբթի այս մասին Քերրին խոսեց իր գործընկերոջ՝ Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Քիշիդայի հետ հանդիպման ընթացքում: Այն կայացել էր Հարավ-Արևելյան Ասիայի համագործակցություն կազմակերպության գագաթաժողովի ժամանակ՝ Մալայզիա ժամանած տարածաշրջանի և աշխարհի երկրների ղեկավարների հետ հանդիպումների շրջանակներում:
Հինգշաբթի՝ ավելի ուշ, Քերրին ավարտեց ասիական հինգ երկրներ կատարած այցելությունները՝ ժամանելով Վիետնամ, ուր նա մասնակցեց ԱՄՆ-ի ու Վիետնամի միջև կապերի վերահաստատման 20 ամյակի արարողություններին:
Չինաստանի կողմից Հարավ-Չինական ծովում կղզիների կառուցման հակասական ծրագիրը, որը բախվում է նրա որոշ հարևանների նմանատիպ նկրտումների հետ, քննարկման կենտրոնական հարցն էր Կուալա Լումպուրում կայացած գագաթաժողովի ընթացքում:
Հինգշաբթի հարցերի լայն շրջանակ քննարկած մամլո ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին այդ հակամարտության բոլոր կողմերին կոչ արեց թուլացնել լարվածությունը և ձեռնպահ մնալ հետագա տարածքային պահանջներից, ռազմականացումից և վիճելի գոտում կղզիների կառուցապատման ծրագրերից. «Այսօր մի շարք պահանջատեր երկրներ պարզորոշ արտահայտեցին իրենց ցանկությունը ձեռնպահ մնալ նմանատիպ գործողություններից: Ուստի սա կարևոր քայլ է դեպի առաջ, սակայն ակնհայտ է, որ դեռ աշխատանք կա անելու, քանզի ոչ մի պահանջատեր երկիր չի դադարեցնի իր գործողությունները, եթե մյուսները անտեսեն այս կոչը ու շարունակեն այդ քայլերը»:
Քերրին նշեց, որ բոլոր կողմերը պետք է ձեռնպահ մնան սադրիչ գործողություններից ու հետամուտ լինեն իրենց նկրտումներին միջազգային իրավունքի շրջանակներում:
Քերրին շեշտեց, որ ԱՄՆ-ն կարևոր շահեր ունի Հարավչինական ծովում, շահեր՝ վիճահարույց հարցերի կարգավորման եղանակաների առումով: Ըստ նրա ԱՄՆ-ը կշարունակի քայլեր ձեռնարկել՝ աջակցելու տարածաշրջանային խաղաղությանը ու կայունությանը, պահպանելու միջազգային իրավունքը և պաշտպանելու իր շահերը:
Չինաստանը արհեստական կղզիներ է ստեղծում այն միջազգային ջրերում ուր Վիետնամը, Մալայզիան, Թայվանը ու Ֆիլիպինները ունեն միմյանց հակադարձ շահեր:
Չորեքշաբթի Չինաստանի արտգործնախարար Ուոնգ Յին ասել է, որ իր երկիրը կանգնեցրել է նոր հողատարածքների ստեղծման գործընթացը հակասությունների գոտում:
Տիգրան Մարտիրոսյան