Միացյալ Նահանգների հանրապետական կուսակցությունում այսօր լուրջ իրադարձություն է. FOX News հեռուստաալիքի կողմից կազմակերպվող բանավեճը 2016-ին նախատեսվող հերթական նախագահական ընտրությունների հանրապետական առաջադեմ բոլոր թեկնածուների միջեւ առաջին բանավեճն է: Վերլուծաբանների կարծիքով, բանավեճից հետո հանրապետական թեկնածուների աջակցության աստիճանը կարող է զգալիորեն փոխվել:
Մասնավորապես, Դոնալդ Թրամփը, որն այժմ FOX News-ի հաղորդմամբ հանրապետականների առաջատարն է եւ վայելում է հանրապետական ընտրողների 23 տոկոսի աջակցությունը, օգտվում է ոչ ավանդական եւ արտասովոր միջոցներից, այս անգամ, New York Times թերթի կարծիքով, պետք է նաեւ ապացուցի, որ դերասանական բարձր հատկություններից բացի տիրապետում է նաեւ ունակություններով, որոնք հատուկենտ են նախագահի համար:
Նախորդ նախագահների որդի եւ եղբայր Ջեբ Բուշը, ում հետ մեծ հույսեր էին կապում, այժմ երկրորդն է հանրապետական ընտրողների 13 տոկոսի աջակցությամբ: CNN-ի կարծիքով, նախագահական թեկնածու դառնալու համար Ջեբ Բուշին անհրաժեշտ է ապացուցել, որ նա ի վիճակի է պայքարել ինտերնետի դարում: Մինչ այժմ, սակայն, Բուշը լուրջ սխալներ է թույլ տվել, սխալմամբ հայտարարելով, որ համոզված չէ, «թե արդյոք անհրաժեշտ է կես միլիարդ դոլար ծախսել կանանց առողջական խնդիրների վրա», իսկ ավելի վաղ դժվարացել է պատասխանել իր ընտանիքի կողմից թողած քաղաքական ժառանգության հարցին:
Հանրապետականների 11 տոկոսի աջակցությունը վայելող եւ երրորդ տեղը զբաղեցնող Վիսքանսինի նահանգապետ Սքոթ Ուոքերի հիմնական թուլությունը հայտնի անվան եւ կուսակցություն լուրջ ազդեցության բացակայությունն է: FOX News-ին Ուոքերն ասել է, որ չի պատրաստվում պատասխանել թեկնածուներին, այլ նախատեսում է իր ասելիքը հասցնել ընտրողներին: