Մատչելի հղումներ

Եզդիները` ջարդից մեկ տարի անց


Անցյալ տարի օգոստոսի 3-ին ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման զինված ջոկատների հարձակումներից պատսպարվելու նպատակով եզդիները բարձրացան Սինջար լեռը ու այնտեղ օրեր ու շաբաթներ մնացին առանց ջրի ու սննդամթերքի։ Այդ տեսարաններն էին նաեւ, որ դարձան ամերիկյան օդային գրոհների պատճառ։

Իրենց դարավոր հայրենիքում իրականացված ջարդերից փրկված եզդիներն այսօր ցրված են լայնածավալ տարածքներում։ Սակայն այն, ինչ կատարվեց նրանց դեմ մեկ տարի առաջ, չի ջնջվում նրանց հիշողություններից։

Ինչպես Սինջար լեռան վրա մեկ տարի առաջ պատսպարված Մուրադ Ալուն է ասում, շատերն այն օրերին լեռան վրա մահացան սովից ու ծարավից.

՝՝Իսալամական պետության՛՛ զինյալներն այն օրերին բռնաբարում ու ստրկացնում էին կանանց, սպանում տղամարդկանց՛՛, ասում է այս դժվար օրերը վերապրած մեկ այլ եզդի՝ Շեյխ Իսմաիլ Քասիմը։

՝՝Սա մեր ժողովրդի վերջն է։ Մեզ կոտորում էին հազարներով, բռնաբարում էին 8-9 տարեկան աղջիկներին՝ եզդի մեր համայնքի ապագային։ Այսօր նրանք բոլորը մեռած են՛՛։

Շատերն այսօր անհետ կորած են։ Ինչպես եզդիների հոգեւոր առաջնորդի խոսնակ Հադի Բաբա Շեյխն է ասում,

"Հազարավոր եզդիներ իրենց այս հայրենիքից ցրվել են Իրաքի տարբեր հատվածներում, Սիրիայում ու Թուրքիայում։ Իսկ հազարավոր կանայք ու երեխաներ գտնվում են ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման ստրկության մեջ"։

Հոգեւոր առաջնորդ Բաբա Շեյխը հանդես է գալիս աշխարհին ուղղված կոչով. ՝՝Պաշտպանե՛ք եզդիներին։ Մենք այսօր մնացել ենք միայնակ, միայն մեր աղոթքների հետ՛՛։

Սակայն քանի դեռ Իրաքի լայնածավալ տարածքներ գտնվում են ծայրահեղականների վերահսկողության ներքո, դժվար է ասել, թե երբ եզդիները կվերադառնան իրենց հայրենյաց տներ, կամ կվերադառնա՞ն արդյոք, թե՝ ոչ։

XS
SM
MD
LG