Մատչելի հղումներ

Թուրքիան մտահոգված է քրդերի մարտական ու քաղաքական հաջողություններով


Սիրիայում եւ Իրաքում քրդական ուժերը կատաղի մարտեր են մղում ընդդեմ ՝՝Իսլամական պետություն՛՛ ծայրահեղական խմբավորման։ Նրանք վերջին մի քանի ամիսների ընթացքում լայնածավալ տարածքներ են ազատագրել, ինչը հիմնականում իրականացվել է ամերիկյան օդուժի կողմից օդային գրոհների շնորհիվ։ Սակայն քրդերն այսօր հայտնվել են ոչ թե ՝՝Իսլամական պետության՛՛ այլ՝ Թուրքիայի ռազմաօդանավերի թիրախի ներքո։

Թուրքիայի կառավարությունն անցյալ շաբաթ հայտարարեց, թե միանում է ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման դեմ պայքարին։ Սակայն ինչպես քրդական խմբերի ղեկավարներն են ասում, Թուրքիայի կողմից իրականացված գրոհներն ուղղվում են ոչ թե ընդդեմ ՝՝Իսլամական պետության՛՛, այլ՝ հիմնականում քրդերի ու ձախակողմյան ուժերի։

Քրդական մեծ համայնքներ կան Սիրիայում, Իրաքում, Իրանում ու Թուրքիայում, որտեղ տասնամյակներ շարունակ ենթարկվել են ծայրահեղ խտրականության։ Ու դրա գլխավոր պատճառը քրդաբնակ այս հատվածներում անկախ քրդական պետություն հիմնելու քրդերի ձգտումն է եղել։

Եվ այսօր, երբ Թուրքիայի սահմանի երկայնքով քրդերն ամրապնդում են ՝՝Իսլամական պետությունից՛՛ ազատագրված տարածքներում իրենց դիրքերը, մյուս կողմից Արեւմուտքի աչքի առջեւ ամրապնդում նաեւ իրենց քաղաքական դիրքերն օրինակ Թուրքիայում, Թուրքիայի համար դառնում են ավելի վտանգավոր, քան ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորումը։

Թուրքիան ՝՝Իսլամական պետություն՝՝ խմբավորմանը ու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը դիտում է նույն հարթակում ու արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի շուրթերով հայտարարում, ՝՝թե ինչպես կարելի է ասել, որ ահաբեկչական խմբավորումներից մեկն ավելի լավն է, քանի որ պայքարում է ընդդեմ ահաբեկչական մյուս խմբավորման՛՛։

Թուրքիան ՝՝Իսլամական պետության՛՛ դեմ սկսած գործողությունների ընթացքում ձերբակալել է ավելի քան 1ՕՕՕ հոգու, որոնցից, ըստ քուրդ պաշտոնյաների, 8Օ տոկոսը Քրդական աշխատավորական կուսակցությանը կամ Քրդստանի ժողովրդադեմոկրատական կուսակցությանն աջակից քրդեր են։

Թուրքիան իր համար վտանգ է համարում ոչ միայն մարտի դաշտում քրդերի հաջողությունները, այլ նաեւ նրանց քաղաքական հաջողությունը Թուրքիայի ներսում, ովքեր խորհրդարանում ստացել են ձայների 13 տոկոսը։ Ու այժմ ասում են քրդերը, Թուրքիայի իշխանություններին հարկավոր է քաոս, քանի որ եթե եկող մի քանի շաբաթների ընթացքում Էրդողանի կուսակցությանը չհաջողվի քրդերի հետ կազմել կոալիցիոն կառավարություն, կհրավիրվեն նոր ընտրություններ։

Սակայն քրդերին մտահոգում է այն, որ մինչեւ այդ կձերբակալվեն Քրդստանի ժողովրդադեմոկրատական կուսակցության առաջնորդները, կամ էլ ընդհանրապես կարգելվի այս կուսակցությունը։ Ու ինչպես վերլուծաբաններն են ասում, Էրդողանը կփորձի ցույց տալ, որ ինքը Թուրքիան պաշտպանում է ե՛ւ արտաքին ե՛ւ ներքին սպառնալիքներից։ Նա արդեն հայտարարել է, թե քրդերի հետ խաղաղության գործընթացն այլեւս չի կարող շարունակվել։

XS
SM
MD
LG