Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների սենատորները գոհ չեն Իրանի հետ գործարքից


Օբամայի վարչակազմի բարձրաստիճան մի շարք անդամներ՝ պետքարտուղար Քերրիի գլխավորությամբ, լուրջ քննադատության են ենթարկվել Սենատում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրի հարցով հինգշաբթի օրվա լսումների ընթացքում:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Քորքերին հատկապես անհանգստացնում էր, որ համաձայնագրի վավերացման դեպքում էներգակիրների հարուստ պաշարներ ունեցող Իրանն այնուամենայնիվ շարունակելու է միջուկային ծրագրի ոչ ռազմական բաղադրամասը, որի կարիքն իրականում չունի.

«Ոչ ոք չի կարող բերել գեթ մեկ փաստարկ, որն արդարացներ Իրանի կողմից միջուկային խաղաղ ծրագրի շարունակությունը»:

Դրան գումարած, որոշ պատժամիջոցների վերացման դեպքում Իրանը լուրջ եկամուտներ է ստանալու էներգակիրների վաճառքից եւ դեռ հարց է, թե որտեղ են ուղղվելու այդ եկամուտները:

Գործարքը պաշտպանող պետքարտուղար Ջոն Քերրի խոսքով՝ Իրանն ատոմային ռումբ պատրաստելու համար բավականաչափ հումք արդեն ուներ, երբ սկսվեցին բանակցությունները.

«Պարոնայք, նրանք դեռեւս 10 տարի առաջ ունեին այն ամենն ինչ որ ուզում էին: Երբ մենք սկսեցինք բանակցությունները, Իրանն ուներ բավարար հումք 10-12 ատոմային ռումբ ստեղծելու համար: Մենք փորձում ենք դադարեցնել նրանց ռազմական ծրագիրը, ոչ թե լիակատար դադարեցնել նրանց ընդհանուր միջուկային ծրագիրը»:

Քերրին ընդգծեց, որ հենց բանակցությունների բացակայության պայմաններում էր, որ Իրանը տասնապատիկ ավելացրել էր իր միջուկային ծրագրի ծավալները եւ չի պատրաստվում դադարեցնել դրա ոչ ռազմական բաղադրիչը.

«Այստեղ բոլոր գտնվողները լավ են գիտակցում, թե դրա լիակատար դադարեցումն ինչ է կոչվում. այն կոչվում է ռազմական գործողություններ, քանի որ այլ կերպ նրանք դա չեն դադարեցնի»:

Վերլուծաբանների կարծիքով, նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ Բարաք Օբամայի վարչակազմին բարդ կլինի Իրանի հետ համաձայնագիրն անց կացնել Կոնգրեսում, առավել եւս հաշվի առնելով օրենսդիրներից շատերի անվստահությունը պաշտոնական Թեհրանի նկատմամբ:

«Ատոմային ռումբի մարտագլխիկն ընդամենն այսքան փոքր չափսի է եւ այն կարող է հեշտությամբ քողարկվել», - նշել է սենատոր Քորքերը:

Լսումների վերջում սենատոր Մենենդեզը պետքարտուղարին հարցրեց, թե արդյոք նրա կարծիքով Իրանը պետք է տարածաշրջանային ուժ դառնա, ինչին ի պատասխան Ջոն Քերրին ընդգծեց, որ դրա համար Իրանին անհրաժեշտ է հիմնովին փոխել իր մոտեցումները բազմաթիվ հարցերի նկատմամբ:

XS
SM
MD
LG