Մատչելի հղումներ

Մեքսիկան որոնում է փախուստի դիմած ՝՝թմրաբիզնեսի արքային՛՛


Անցած շաբաթ օրը Մեքսիկայի ամենախստացված օրենքներով գործող բանտից փախուստի դիմեց Ուաքին Գուզմանը, նույն ինքը Էլ Չապոն՝ Մեքսիկայի թմրաբիզնեսի ամենահայտնի ու ամենահզոր ավազակախմբի առաջնորդը, որի համար մինչեւ նրա բանտախցի բաղնիքը կառուցվել էր մեկ ու կես կիլոմետր երկարությամբ թունել։

Գուզմանի ցածր հասակին հակառակ, բանտից նրա փախուստի համար կառուցված թունելը, բացի օդափոխիչ համակարգից, լուսավորությունից ու թթվածնի բաքերից, ունի նաեւ նրա հասակից շատ ավելի մեծ բարձրություն։ Գուզմանը իր հանցավոր գործունեության ընթացքում շարունակ ազատության մեջ մնալու համար կիրառել է ոչ միայն կաշառքը, այլ նաեւ զոհաբերել բազում կյանքեր, որպեսզի մի քանի քայլ առաջ գտնվի իրավապահ մարմիններից։

Առաջին անգամ նրան բանտից փախուստի դիմել էր հաջողվել 2ՕՕ1 թվականին՝ լվացքով լիքը սայլակի մեջ թաքնվելով, որից հետո որոնման մեջ էր մինչեւ 2Օ14 թվականը։ Այն ժամանակ նրան ձերբակալելուց հետո նախագահ Էնրիկե Փեյնիա Նիետոն, որի կառավարման ընթացքում թմրանյութերի առեւտրի հանցավոր խմբերի մի շարք առաջնորդներ են ձերբակալվել, հայտարարել էր, որ Չապոն այլեւս չունի փախուստի դիմելու որեւէ հնարավորություն։ Այսօր իշխանությունները փորձում են պարզել, թե թունելը փորելու ընթացքում ինչպես է աչքից վրիպել տոննաներով հողի տարհանման փաստը։

ԱՄՆ-ը մինչեւ Գուզմանի փախուստը փորձում էր ապահովել նրա արահանձնումն իրեն, կանխատեսելով, որ Մեքսիկայի արդարադատության համակարգում տիրող կոռուպցիան մի օր կարող էր թույլ տալ նրա փախուստը։

Գուզմանի ղեկավարած Սինալոա հանցախմբի ծավալած առեւտուրը տարածվել էր ոչ միայն Մեքսիկայում, այլ նաեւ ԱՄՆ-ում, Եվրոպայում՝ հասնելով ընդհուպ մինչեւ Ավստրալիա։ Նրա հարստության ծավալները Ֆորբսի գնահատմամբ կազմում են մոտ մեկ միլիարդ դոլար։ Հանցավոր այս խմբի գործունեության ընթացքում մի քանի տասնյակ հազար մարդ է սպանվել։

Չապոյի փախուստը մի մեծ հարված է նախագահ Նիետոյի վարչակազմին։ Այսօր բանտի մոտ 3Օ աշխատակից ենթարկվում է լուրջ հարցաքննության։ Իսկ ԱՄՆ-ը առաջարկել է 5 միլիոն դոլար նրան, ով կարեւոր տեղեկություններ կհաղորդի նրա գտնվելու տեղի վերաբերյալ։

Չապոն իր քարթելի՝ հանցավոր խմբի կառավարումը ոչ թե վերստանձնում է, այլ շարունակում է, քանի որ նա այն կառավարում էր նաեւ բանտախցից։

Որոնման աշխատանքներն այժմ ծավալվել են նաեւ Մեքսիկայի սահմաններից դուրս։

XS
SM
MD
LG