Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների բանակի թիվը կրճատվում է


Առաջիկա երեք տարիների ընթացքում Միացյալ Նահանգների բանակից կրճատվելու է 40,000 զինվորական: Պետական ծախսերի սահմանափակումները Միացյալ Նահանգների բանակում լուրջ կրճատումների է հանգեցնում. 40,000 զինվորական մինչեւ 2018թ. կրճատման շեմին են գտնվում:

Բանակի գեներալ Ռենդի Ջորջի խոսքերով, նախորդ տարիների ընթացքում բյուջետային սահմանափակումներն արդեն իսկ զգալիորեն կրճատել են ամերիկյան բանակի թվաքանակը. «2012 թվականից ի վեր բանակի մշտական զինվորների թիվը կրճատվել է 120,000-ով, կամ 21 տոկոսով»:

Հաջորդ 4 տարիների ընթացքում Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության անհրաժեշտ է 7.1 միլիարդ դոլար տնտեսել, ինչի համար զինվորների թվաքանակը 490,000-ից նվազելու է մինչեւ 450,000: Կրճատումները անդրադառնալու են Ամերիկայի 18 նահանգներում տեղակայված 26 ռազմակայանների վրա:

Գեներալի խոսքերով, բյուջետային սահմանափակումը նվազեցնելու է ամերիկյան զինվարների թիվը նաեւ արտերկրում՝ Հարավային Կորեայում, Գերմանիայում և Իտալիայում:

Պենտագոնի խոսնակ Սթիվ Վարրենի հավաստմամբ, Միացյալ Նահանգների համար զորաբանակի կրճատումը նորություն չէ.

«Կրճատումներ եղել են Առաջին համաշխարհային պատերազմից հետո, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ցանկացած պատերազմից հետո, որում մենք ներգրավված ենք եղել»:

Սակայն, եթե Կոնգրեսը չդադարի կրճատել դաշնային բյուջեն, հնարավոր է, որ իրավիճակը վատթարանա, համոզված է գեներալ Ջորջը.

«Եթե բյուջեի ներկա դրույթները չփոխվեն, բանակը մինչև 2019թ. ստիպված կլինի կրճատել լրացուցիչ 30.000 զինվորական: Մնացած զինվորների թիվը բավարար չէ ներկա տեղակայման պահանջների ապահովման եւ արտերկրում չնախատեսված մարտական հրամանների իրականացման համար»:

XS
SM
MD
LG