Մատչելի հղումներ

Իսլամական պետության դեմ պայքարի մարտավարությունը


Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը և շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին մասնակցեցին Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մարտավարությանը նվիրված Սենատի լսումներին: Լսումների նախաշեմին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Իսլամական պետության դեմ արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է չսահմանափակվել միայն ԱՄՆ-ի ռազմական միջոցներով.

«Իսլամական պետություն խմբավորումը պատեհապաշտ է և ճկուն: Այն Սիրիայի և Իրաքի քաղաքացիական բնակչության մեջ է ներթափանցել: Խմբավորմանը արմատախիլ անելու համար ժամանակ է անհրաժեշտ: Դա տեղական ուժերի գործն է, որոնց մենք մեր դաշինքի կողմից պատրաստ ենք վերապատրաստել եւ ապահովել օդային պաշտպանությամբ»:

Անցած օրերին Միացյալ Նահանգների գլխավորած հակաահաբեկչական դաշինքը ուժգին օդային հարվածներ էր ուղղել Իրաքի և Սիրիայի տարածքների՝ «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ գտնվող հատվածներում:

Նախագահ Օբաման մերժել էր Միացյալ Նահանգների ցամաքային զորք Իրաք կրկին ուղարկելու բոլոր կոչերը, փոխարենը խորհրդատուներ և ռազմական մասնագետներ ուղարկելով՝ Իրաքի զորքերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով:

Միացյալ Նահանգները համաձայնել են նաեւ վարժել չափավոր սիրիական ապստամբների: Լրատվամիջոցների հաղորդմամբ, սակայն, նախատեսված 5,400-ից մինչ օրս հաջողվել է վարժեցնել ընդամենը 100 սիրիական ապստամբ:

Օբաման ընդգծել է, որ ահաբեկիչներին հաջողվում է իրենց շարքերը ներքաշել մարդկանց ամբողջ աշխարհից, այդ թվում եւ Միացյալ Նահանգներից: Նախագահ Բարաք Օբամայի խոսքերով, Իսլամական պետության դեմ պայքարը պետք է դիտարկել ավելի լայն շրջանակներում՝ «որպես պայքար հանուն մարդկանց սրտի եւ մտքի», ինչը նշանակում է, որ այն սերունդների պայքար է լինելու:

XS
SM
MD
LG