Մատչելի հղումներ

Վրաց-ուկրաինական բարեփոխիչների խումբը առաջին քայլերն է ձեռնարկել և բարձր հայտարարություններով է հանդես եկել


Ոստիկաններին զրկել ցուցաձողերից, պարեկայիններին՝ ավտոմատներից, իսկ դատախազությանը՝ կաշառք վերցնելու հնարավորությունից: "Վրաց-ուկրաինական բարեփոխիչները"` Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ, իրենց աշխատանքի առաջին իսկ շաբաթների ընթացքում հստակ քայլեր են ձեռնարկել բարեփոխումներին ընդառաջ:

Նախևառաջ Օդեսայի մարզի նորանշանակ նահանգապետին զայրացրել է դատախազական համակարգը, որը թույլ չի տալիս արտասահմանյան ներդրողներին մուտք գործել Ուկրաինայի հարավ:

"Օգնության կամ համագործակցության առաջարկի փոխարեն առաջին հերթին դատախազությունից նամակ եմ ստանում, որպեսզի փաստաթուղթ ուղարկեմ, այլապես՝ իմ դեմ հայց կներկայացվի: Սա առնվազն ավազակություն է, մի՞թե դա է դատախազության պարտականությունը", վրդովվել է Սաակաշվիլին:

Այնուհետև վրացի բարեփոխիչը քննադատական հարձակման է ենթարկել ուկրաինացի ավիափոխադրողներին: Նրա կարծիքով՝ ավիատոմսերի գները Ուկրաինայում չափազանց բարձր են.

"Մարդկանց մեծ մասը աղքատության շեմին է հայտնվել, և այս երկրում, որտեղ նրանք ստիպված են մեկնել արտագնա աշխատանքի, սա պարզապես վերջին հարվածն է նրանց գրպանին":

Բարձր հայտարարություններից զերծ չեն մնում նաև Սաակաշվիլիի օգնականները: Օդեսայի մարզային ոստիկանության նոր պետ Գիորգի Լորտկիպանիդզեն անմիջապես նշանակումից հետո մի քանի կարևոր հայտարարություն է արել: Մասնավորապես, նա պետավտոտեսչության աշխատակիցներին արգելել է մեքենաները կանգնեցնել ցուցաձողի օգնությամբ և դադարեցրել է ավտոմատներով պարեկայինների և քաղաքամուտքերի զինված անցակետերի ծառայությունները:

"Սա կուրորտային քաղաք է, և մենք զբոսաշրջիկներին պետք է դիմավորենք ծաղիկներով, այլ ոչ թե զրահամեքենաներով և ավտոմատներով: Այդուհանդերձ, ոստիկանությունը աշխատում է հաստիքային ռեժիմով, և ամեն ինչ հսկողության տակ է", պարզաբանել է Օդեսայի մարզում Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության Գլխավոր վարչության պետ Գիորգի Լորտկիպանիդզեն:

Հանրության շրջանում արձագանք են ստացել ոչ միայն այդօրինակ հայտարարությունները, այլև նոր պաշտոնում Սաակաշվիլիի առաջին քայլերը: Աշխատանքից ազատվել են մարզային վարչակազմերի բոլոր ղեկավարները: Նոր թեկնածուների համար մրցույթ է հայտարարվել և արդեն իսկ հազարավոր դիմումներ են ներկայացվել:

Լրագրողների հետ ընդլայնված հանդիպման ժամանակ վրացի քաղաքական գործիչը նախանշել է մարզում բարեփոխումներ անցկացնելու համար առաջնահերթ միջոցառումները: Օդեսա-Ռենի նոր մայրուղին, մաքսային վարչության կենտրոն, որի շնորհիվ բեռները հնարավոր կլինի մաքսազերծել 15 օրվա ընթացքում, քաղաքացիների ծառայությունների միասնական կենտրոն... Այս ամենը, նահանգապետի համոզմամբ, իրականություն կդառնա ընթացիկ տարում:

"Օդեսայում գործելու է վարչական ծառայությունների նոր կենտրոն, որտեղ հնարավոր կլինի գույք գրանցել, անձնագիր ստանալ, բիզնես բացել ընդամենը մեկ օրվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, այնտեղ գործելու են շուրջ 260 տարբեր ծառայություններ", խոստացել է Օդեսայի մարզի նորանշանակ նահանգապետը:

Շատերը հավատում են, որ Վրաստանից բարեփոխիչների անսպասելի և ռեզոնանսային նշանակումները Ուկրաինայի հարավը կվերածեն յուրօրինակ ցուցափեղկի, որտեղից կսկսվեն որակական փոփոխություններ երկրում:

Սակայն, չնայած բարձր հանրային վստահության, Միխեիլ Սաակաշվիլին բավական քիչ ժամանակ ունի դա ապացուցելու ուկրաինացիներին և ամբողջ աշխարհին: Չէ՞ որ արդեն իսկ առաջիկա ամիսների արդյունքներով հնարավոր կլինի վստահ դատել՝ արդյոք այս ամենը լուրջ քայլեր են, թե՝ պարզապես տպավորիչ փիար:

XS
SM
MD
LG