Մատչելի հղումներ

Ամերիկան պատրաստվում է Անկախության տոնին


Հուլիսի 4-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները նշում է անկախության տարեդարձը։ Այդ օրն այստեղ նշում են ոչ միայն մեծ խանդավառությամբ, այլ նաեւ բաց երկնքի տակ բեմադրում դրվագներ անկախության պայքարից։ Անցած չորեքշաբթի օրը Նյու Յորք հասավ 18րդ դարի ֆրանսիական մի ռազմանավի կրկնօրինակը, որն օգնել էր ամերիկացիներին կռվել ընդդեմ բրիտանական կարգերի։

178Օ թվականին ՝՝Լեղմիոն՛՛ հածանավը գեներալ Լաֆայեթին բերեց Հյուսիսային Ամերիկա՝ այստեղ սկսված հեղափոխական պատերազմին մասնակցելու համար, նավ, որը մեծ դեր է կատարել Մեծ Բրիտանիայից Ամերիկայի անկախության պայքարում։

Այս նույն նավի կրկնօրինակը Ամերիկայի անկախության տարեդարձի նախօրեին հրանոթների համազարկով մուտք գործեց Նյու Յորքի նավահանգիստ։ Պատմական հածանավի այս ճշգրիտ կրկնօրինակը կառուցվել է Ֆրանսիայում, որի համար պահանջվել է 27 միլիոն դոլար։ ՝՝Լեղմիոն՛՛-ի նավապետն ասում է, թե իր նավն այս ճանապարհին մի քիչ շեղվել է այն ուղուց, որով Լաֆայեթը գալիս էր հանդիպելու Ջորջ Վաշինգտոնին։

՝՝Լեղմիոն՛՛ նավի նավապետ Յան Կարիուի խոսքերով. ՝՝Վիրջինիա նահանգից այստեղ հասնելու համար 37 օր պահանջվեց։ Քամու ուժով ընթանալով՝ մենք միայն մեկ օրով խարիսխ ենք նետել Բերմուդայի նավահանգստում։ Հարկավոր էր ժամանակին հասնել Նյու Յորք՛՛։

Մինչեւ Նյու Յորք հասնելը, հածանավի կրկնօրինակն ընթացել է ԱՄՆ-ի արեւելյան ափերով՝ անցնելով Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիան ու երկրի մայրաքաղաք Վաշինգտոնը։ Այն այնուհետեւ շարունակելու է ուղին դեպի հյուսիս՝ Բոստոն, ապա՝ ավելի հյուսիս՝ Կանադա։

Լեղմիոն-Լաֆայեթ անվանումը կրող ընկերության անդամները հիշեցնում են, որ պատմական նավը բացի Լաֆայեթից, Ամերիկա է տարել նաեւ ուղերձ Ֆրանսիայի կառավարությունից այն մասին, որ բանակային ուժեր են ուղարկվելու Ամերիկա ու ծովային ուժերի օգնություն տրամադրվելու Հեղափոխական բանակին, որն այդ պահին ծանր կացության մեջ էր հայտնվել Նյու Ջըրսիում։ Այսինքն՝ այս նավը, ասում են նրանք, կարեւոր գործոն էր ոչ միայն ռազմական տեսանկյունից, այլ նաեւ իր բերած ուղերձով։


Հուլիսի 4-ի տոնական արարողությունների ժամանակ ՝՝Լեղմիոն՛՛-ը կառաջնորդի 1ՕՕ այլ նավերի, որոնք կանցնեն Նյու Յորքի Ազատության արձանի մոտով։ Արձան, որը նույնպես նվեր է ԱՄՆ-ին՝ Ֆրանսիայի ժողովրդից՝ նվիրված Ամերիկայի անկախության 1ՕՕ-րդ տարեդարձին։

XS
SM
MD
LG