Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում Ցեղասպանությունից փրկված հայերի աննախադեպ տեսանյութեր են հայտնաբերվել


Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանում հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի բացառիկ տեսանյութեր, որոնց վրա պատկերված է, թե ինչպես են հայ փախստականներն ու որբ երեխաները տեղափոխվում, այնուհետեւ՝ նավակներով հեռանում Թուրքիայից:

Տեսանյութերը բացառիկ են, քանի որ նախկինում համարվում էր, որ ցեղասպանության տարիներին Եղեռնից փախուստի դիմած հայերը պատկերված են եղել միայն լուսանկարներում: Այսպիսով, Կոնգրեսի գրադարանում հայտնաբերված տեսանյութերը հայերին ցեղասպանության տարիներին պատկերող առաջին հայտնի տեսագրություններն են:

Տեսանյութերը հաստատվել եւ վերականգնվել են մասնագետների կողմից եւ հինգշաբթի ցուցադրվելու են Իտալիայում այս օրերին անցնող Il cinema ritrovato (Վերականգնված կինո) Բոլոնիայի 29-րդ կինոփառատոնի ժամանակ՝ «Հայաստան՝ մարդասիրության բնօրրան» ընդհանուր վերնագրով: Փառատոնի պատասխանատու Մերիան Լվինսքին, որի օգնությամբ բացահայտվել են այդ բացառիկ տեսանյութերը, պատմում է, որ տեսանյութերը նկարահանվել են 1923 թվականին Թուրքիայի տարածքում.

«Ես նկատեցի, որ տեսագրությունների վրա Ստամբուլի հայտնի վայրերն են պատկերված: Դա Ստամբուլն է, եւ այնտեղ պատկերված է մանկատունը, որում պատերազմից հետո բրիտանացիք հայ որբ երեխաներին էին խնամում, մինչ Ստամբուլից նրանց տեղափոխելը»:

Լվինսքին պատմում է, որ տեսանյութերի բացահայտումն ուղղակի հրաշք էր: Մինչ Կոնգրեսի գրադարանում հայտնվելը, տեսանյութը պահվել է Օրեգոնի պատմական հասարակության պահոցում: Դրա հեղինակը դեռեւս անհայտ է մնում:

«Այս տեսանյութերի ցուցադրությունը մեզ համար հարգանքի տուրքի մատուցում է, մենք դրանք դիտարկում ենք որպես պատմական իրողություն: Ներկայումս մենք բանակցություններ ենք վարում Ստամբուլի կինոյի փառատոնի կազմակերպիչների հետ: Նրանք արտառոց մարդիկ են եւ հնարավոր է՝ այդ տեսանյութերը ցուցադրենք նաեւ Ստամբուլում», - ասում է Մերիան Լվինսքին:

Բոլոնիայի 29-րդ կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվելու են նաեւ Համո Բեքնազարյանի «Նամուսը», Փառաջանովի «Սայաթ Նովան» եւ Մալյանի «Նահապետը», սակայն, կազմակերպիչների խոսքով, փառատոնի զմրուխտը «Հայաստան՝ մարդասիրության բնօրրան» նորահայտ բացառիկ տեսանյութն է լինելու:

XS
SM
MD
LG