Մատչելի հղումներ

Հայաստանում քննարկում են էլեկտրաէներգիայի ոլորտի բարեփոխման հեռանկարները


Հայաստանում շարունակվող #ElectricYerevan էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ ուղղված բողոքի պայմաններում երկրում սկսել են ոլորտի բարեփոխումների հեռանկարներին նվիրված քննարկումներ:

Մասնավորապես, ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը բարեփոխումների ծրագիր առաջարկեց, որի արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինը կիջնի մինչեւ 30-35 դրամ, իսկ դրա տարեկան բարձրացումը կկազմի 3-5%-ից ոչ ավելի։

«Իրականում ՀՀ էներգետիկ համակարգը խորը բարեփոխումների առաջ է կանգնած», - ավելացրել է Բագրատյանը, որի կարծիքով պետական համակարգումը ծախսատար է, անարդյունավետ, եւ հսկայական կոռուպցիոն ռիսկերով լի։

Տնտեսագետն առաջարկում է Հայաստանում ստեղծել էներգետիկ շուկա արտադրողների, տեղափոխողների, Կառավարության, ՀՀ ԿԲ-ի, եւ ՀԾԿՀ-ի մասնակցությամբ, որոնց միջեւ պարբերաբար անց են կացվելու գեներացված էլեկտրաէներգիայի մեծածախ գնի սակարկություններ։ Արդյունքում, ՀԾԿՀ-ն դադարեցնում է էլեկտրաէներգիայի սակագին հաստատելու պրակտիկան, իր իրավասության տակ պահպանելով միայն բարձրավոլտ գծերով էլեկտրաէներգիայի տեղափոխման սակագինը հաստատելը։

«Այս սակագնից հետո ձեւավորվում է էլեկտրաէներգիայի մեծածախ գինը՝ «գեներացված էլեկտրաէներգիայի մեծածախ գին + բարձրավոլտ գծերով էլեկտրաէներգիայի տեղափոխման սակագին», - ավելացնում է Բագրատյանը, որի խոսքով, դրանից հետո ձեւավորվում է էլեկտրաէներգիայի մանրածախ գինը, համապատասխան մարժայի չափի հիմման վրա:

Հիշեցնենք, որ Հայաստանի Վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացմանը, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ կառավարության օրակարգում նման հարց չկա:

«Մենք հիմա աուդիտի արդյունքները կունենանք, չենք կարող ասել երեք ամիս կլինի, չորս ամիս կլինի, ժամկետ չենք ասի, ընկերությունները կասեն, ովքեր որ զբաղվում են այդ գործով: Կասեն, մենք այդ որոշման մասին կհայտնենք ձեզ բոլորիդ», - նշել է վարչապետը:

XS
SM
MD
LG