Մատչելի հղումներ

Փոլ Գոբլ. Բաղրամյանի բողոքը քաղաքականացված է բայց «Մայդան» չի դառնա


Goble

Երեւանի կենտրոնում անցկացվող բողոքները, թեեւ ունեին սոցիալական դրդապատճառ, այնուամենայնիվ քաղաքականացված են, «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայությանը հայտնել է Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի վերլուծաբան Փոլ Գոբլը:

«Անկախ ամեն ինչից, երբ փողոց են դուրս գալիս բողոքող մեծ թվով մարդիկ, պատճառը մեկից ավելին է եւ չնայած դրդապատճառը, որը ջղայինացրեց ծանր տնտեսական վիճակում գտնվող Հայաստանի քաղաքացիներին, ռուսաստանյան ընկերության կողմից էլեկտրաէներգիայի գների բարձրացումն էր, կարծում եմ քաղաքական տարր այնուամենայնիվ կա», - նշեց վերլուծաբանը:

Նրա խոսքով, այնուամենայնիվ, Բաղրամյանի բողոքը հայկական «Մայդանի» դժվար թե վերածվի, քանի որ աշխարհաքաղաքական դիրքի եւ ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելու պատճառով Հայաստանը ծայրաստիճան սերտ դաշնակցային հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ:

«Այդ ամենը հաշվի առնելով, կարծում եմ Հայաստանում տեղի չի ունենա որեւէ իրադարձություն, որի արդյունքում երկիրը կտրուկ փոխի իր արտաքին քաղաքական ուղղվածությունը, քանի որ դա վտանգի տակ կդներ Լեռնային Ղարաբաղը», - ամփոփեց Փոլ Գոբլը:

Այն եզակի պատճառը, որը կարող է Հայաստանում հեղափոխություն ծնել, վերլուծաբանի կարծիքով հնարավոր է միայն այն դեպքում, եթե Մոսկվան անվերապահորեն աջակցի Հայաստանի իշխանությունների կողմից ցուցարարների դեմ ուժի կիրառմանը:

XS
SM
MD
LG