Մատչելի հղումներ

Բաղրամյան պողոտայում անորոշություն է


Հունիսի 23-ից Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիներին այսօր՝ հունիսի 28-ին վրդովեցրեց ՛՛Ոչ թալանին՛՛ նախաձեռնության՝ Բաղրամյանը լքելու և Ազատության հրապարակ տեղափոխվելու կոչը:
Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ կայացած խորհրդակցության ընթացքում արված հայտարարությունները ոչ միարժեք ընդունվեցին հանրության շրջանում:
Հիշեցնենք, որ նախօրեին որոշում էր կայացվել, որ քաղաքացիները չեն վճարելու ավելացված սակագինը մինչեւ ՀԷՑ-ում աուդիտի արդյունքների ստացումը: Գումարները վճարելու է կառավարությունը:
Այս որոշումը տարաձայնությունների առիթ է տվել: Ոմանք համարեցին այն փոքրիկ, բայց հաղթանակ, մյուսները հակված են կարծելու, որ շարժման պահանջը՝ սակագնի չեղարկումը, չի կատարվել, և անհրաժեշտ է մնալ Բաղրամյան պողոտայում:
Բողոքի ակցիան գլխավորող ՛՛Ոչ թալանին՛՛ քաղաքացիական նախաձեռնության անդամների արձագանքը բավականին տարօրինակ էր: Սերժ Սարգսյանի ելույթին տեղեկանալուց հետո նրանք ոգևորված սկսեցին ՛՛Հաղթանակ՛՛ վանկարկել, կես ժամից էլ հայտարարեցին, որ իրենց պահանջները բավարարված չեն: Հունիսի 28-ի առավոտվանից էլ սկսեցին պնդել, որ իրենք պատերազմում մեկ ճակատամարտ արդեն հաղթել են, և պետք է ազատել Բաղրամյան պողոտան:
Մի քանի ժամի ընթացքում նույն մարդկանց կարծիքների նման արագընթաց փոփոխությունը կասկածամտություն առաջ բերեց բողոքի ակցիայի շարքային մասնակիցների շրջանում: Ոստիկանությունը հայտարարեց, որ, եթե բողոքի մասնակիցները ինքնակամ չհեռանան, ժամը 23-ին դա կարվի հատուկ միջոցների կիրառմամբ: Ոստիկանության բարձրաստիճան սպա Վալերի Օսիպյանի՝ ջրցաններով ցուցարարներին ՛՛հովացնելու՛՛ մասին կատակները միայն բորբոքում էին ցուցարարներին:
Ժամը 18-ին նախանշված հանրահանավքը սկսվեց մեկուկես ժամ ուշացումով: Ժամը 19:30-ին ՛՛Ոչ թալանին՛՛-ի անդամ Վաղինակ Շուշանյանն ակնհայտ անհանգստութմաբ ընթերցեց նախաձեռնության հայտարարությունը, որում ասվում էր, որ շարժմանհ ետագա անելիքները պետք է որոշեն հանրահավաքի մասնակիցները: Հանրահավաքի միջից Շուշանյանին հորդորում էին քվեարկության դնել Բաղրամյան պողոտայում մնալ-չմնալու հարցը: Հանրահավաքի մասնակիցները ժամանակ առ ժամանակ վանկարկում էին ՛՛Չեղարկում՛՛՝ ակնարկելով, որ համաձայն չեն Բաղրամյանը լքելուն: Շուշանյանն էլ կասկածի տակ էր դնում, որ մեջբերում եմ. ՛՛ամեն անգամ ոստիկանական ծեծուջարդ այստեղ ստանալով կհասնենք մեր նպատակին՛՛: Նա հորդորեց փոխել անհնազանդության ֆորմատը՝ ակնարկելով ազատել Բաղրամյան պողոտան: ՛՛Որպեսզի բոլորս կարողանանք ազատ մտածել, առաջարկում եմ միտինգը տեղափոխել Ազատության հրապարակ՛՛,- ասաց նա: Հանրությունն այս հայտարարությունն ընդունեց ՛՛Ամոթ՛՛ վանկարկումներով և սուլոցներով: ՛՛Ով ուզում է այստեղ մնա, թող մնա, մենք տեղափոխվում ենք Ազատության հրապարակ՛՛-ասաց Շուշանյանը: ՛՛Մեր պայքարն այստեղ է, Բաղրամյան՛՛ վանկարկում էր ժողովորդը: Ով գնում է, թող գնա,- ասում էին ցուցարարները: ՛՛Այստեղ մնացողները կմաքրվեն՛՛ ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Երևանում տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանելու խնդրանքով Ամերիկայի Ձայնը դիմեց Հայկական Էլեկտրացանցերի վերադաս՝ ռուսական ԻՆՏԵՐ-ՌԱՕ-ին: Ընկերության մամուլի քարտուղար Նիկոլայ Գորելովը պատասխանեց հետևյալը.
՛՛ԻՆՏԵՐ ՌԱՕն գտնում է, որ երևանյան իրադարձություններն անցել են քաղաքական հարթություն, իսկ ԻՆՏԵՐ ՌԱՕն Հայաստանում զբաղվում է բիզնեսվո և ոչ քաղաքականությամբ, և մասնակցել այդ իրադարձություններին չի պատրաստվում: Սակագնի փոփոխության մասին դեռևս խոսք չի գնում, և մինչև օգոստոսի 1-ն՝ այսինքն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման ուժի մեջ մտնելը, ԻՆՏԵՐ-ՌԱՕն վերլուծելու է իրավիճակը՛՛:
Երեւանի փոխոստիկանապետը երկուշաբթի առավոտյան լրագրողների ուղեկցությամբ Բաղրամյանի պողոտայում շրջելու ժամանակ ուժի դիմելու եւ պողոտան ցուցարարներից ազատելու մասին հարցերին որոշակի որեւէ պատասխան չտվեց:
"Ամերիկայի Ձայն"-ը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը և տեղեկացնել դրա մասին իր դիտողներին անհապաղ:
Աշոտ Պողոսյան, Երեւան
XS
SM
MD
LG