Մատչելի հղումներ

ԱՄՆ դեսպան. Հրապարակում գտնվող յուրաքանչյուր անձ պետք է հարգի հասարակական կարգը


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հարցազրույց է տվել «Առաջին լրատվական»-ին

Վերջին օրերին Հայաստանում բուռն իրադարձություններ են ծավալվում՝ կապված էլեկտրաէներգիայի թանկացման հետ: Մի քանի օր շարունակ Երեւանի կենտրոնում՝ Բաղրամյան պողոտայում, երիտասարդները բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ ընդդեմ ՀԾԿՀ-ի հունիսի 17-ի որոշման: Պարոն դեսպան, ինչպե՞ս եք վերաբերվում այդ շարժմանը եւ բողոքի ակցիաներին ՀՀ պատկան մարմինների, առավելապես ոստիկանության արձագանքին, որը ամենաբիրտ միջոցներ է կիրառել ոչ միայն ցուցարարների, այլեւ հատկապես լրագրողների նկատմամբ:

– Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետեւում է էլէներգիայի սակագնի թանկացման հետ կապված զարգացումներին, այդ թվում եւ քաղաքի կենտրոնում անցնող բողոքի ակցիաներին: Մենք խորապես մտահոգված էինք վստահելի զեկույցներով, որոնք վկայում էին անհամաչափ ուժի կիրառման եւ լրագրողներին որպես թիրախ ընտրելու մասին՝ հունիսի 23-ի վաղ առավոտյան ցույցի ուղղությամբ ոստիկանության ձեռնարկված գործողությունների ընթացքում: Մենք արտահայտեցինք մեր մտահոգությունն ու կոչ արեցինք կառավարությանն այդ հարցով իրականացնել լիարժեք քննություն:

Ուրախալի է, որ հաջորդ օրն իշխանություններն արտահայտեցին այդ զեկույցների վերաբերյալ քննություն իրականացնելու պատրաստակամություն, ինչպես նաեւ պարտավորվեցին համապատասխան գործողություններ ձեռնարկել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր օրենք էին խախտել եւ անպատշաճ գործողություններ իրականացրել: Կարեւոր է, որ այդ քննությունը լինի թափանցիկ ու անկողմնակալ, եւ մենք մոտ ժամանակներս կսպասենք քննության արդյունքներին:

Ես նաեւ ողջունել եմ ԱԳ նախարարի հունիսի 24-ի հայտարարությունը, որում նա վերահաստատեց կառավարության հանձնառությունը Հայաստանում ժողովրդավարության, հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: Կարծում եմ, այդ հայտարարությունից հետո ընկած ժամանակահատվածում ոստիկանության գործողությունները ցույցերի ուղղությամբ համահունչ են արտգործնախարարի հայտարարության ոգուն եւ ցանկանում եմ գոհունակություն հայտնել Երեւանի ոստիկանության կողմից վերջին 72 ժամերի ընթացքում ցուցաբերված բարձր պրոֆեսիոնալիզմի եւ զսպվածության առթիվ:

Ցուցարարները նույնպես ունեն իրենց պարտականությունները, եւ գոհունակություն եմ հայտնում ցուցարարների կողմից իրենց պարտականությունների կատարման կապակցությամբ, քանի որ նրանք կարողանում են ապահովել ցույցերի խաղաղ անցկացումը: Հոսանքի գնի վերաբերյալ որոշումները դժվարին որոշումներ են, եւ ես ցանկանում եմ հորդորել բոլոր կողմերին, որպեսզի լրջորեն քննարկեն այդ որոշումը եւ թե ինչպես երաշխավորել Հայաստանի էներգետիկ անվտանգության այն մակարդակը, որին արժանի է երկրի ժողովուրդը: Մինչ այդ կարեւոր է, որ բոլոր կողմերը՝ կառավարությունը, ցուցարարները, ոստիկանությունը, շարունակեն զերծ մնալ բռնություններից, հարգեն հասարակական կարգը եւ միմյանց վերաբերվեն փոխադարձ հարգանքով:

Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ըստ էության քաղաքացիական այս շարժումը չունի առաջնորդներ եւ որեւէ կերպ չի քաղաքականացվում: Նաեւ քաղաքական ուժերը եւ քաղաքական առաջնորդները չեն ցանկանում որեւէ ձեւով ներգրավվել եւ ինչ-որ առումով վնասել շարժման հիմնական նպատակները:

– Կարծում եմ՝ սա արտացոլում է այն նոր աշխարհը, որի պայմաններում մենք ապրում ենք, որտեղ սոցիալական ցանցերը կարող են որոշ հարցի շուրջ հասարակական ալիք բարձրացնել: Այս խումբը կարողացել է հավաքվել միասին եւ ազատ արտահայտել իր դժգոհությունը, ինչը ողջունելի առանձնահատկություն է հայաստանյան ժողովրդավարության տեսանկյունից: Ես նաեւ հասկանում եմ, որ սա դժվարեցնում է իշխանությունների գործը՝ այն առումով, թե ում հետ պետք է խոսել հարցի առնչությամբ լուծումներ գտնելու համար: Եվ ինչպես արդեն նշեցի, յուրաքանչյուր ցուցարար, ով դուրս է գալիս այդ ակցիային մասնակցելու, պարտավորություն ունի ապահովել հավաքի խաղաղ բնույթը, եւ հրապարակում գտնվող յուրաքանչյուր անձ պետք է հարգի հասարակական կարգը:

Սա ոչ միայն մարտահրավեր էր Հայաստանին եւ Հայաստանի իշխանություններին, այլեւ ընդհանրապես մեդիային: Իշխանությունների կողմից լրագրողների նկատմամբ ընդգծված վերաբերմունքից հետո ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես լրատվամիջոցների վերաբերմունքը, մեդիայի աշխատանքը՝ լուսաբանելու, հանրայնացնելու այն իրադարձությունները, որ տեղի են ունենում Բաղրամյան պողոտայում:

– Ես, իհարկե, հետեւում եմ լրատվությանը, որ ներկայացվում է հայկական տարբեր լրատվամիջոցներով: Այն լրատվամիջոցները, որոնց հրապարակումներին ես ծանոթանում եմ, այն հրապարակումները, որ ինձ հրամցնում են իմ աշխատակիցները, այս նոր եւ բարդ իրավիճակում գործում են պրոֆեսիոնալ, հավասարակշռված մոտեցում են փորձում ցուցաբերել եւ կարողանում են իրականությունը ներկայացնել Հայաստանի ժողովրդին: Ամենակարեւոր բանը, որի ականատեսը եղա, այն է, որ լրագրության լավագույն ավանդույթներին համահունչ, հայ լրագրողները, ովքեր լուսաբանում են այս դեպքերը, ջանքերն ուղղում են, որպեսզի ներկայացնեն իրավիճակը, ոչ թե իրենք դառնան այդ պատմության մասը:

Ինչպե՞ս եք վերաբերվում միջազգային արձագանքներին: Այսօր փորձ է արվում Երեւանի իրադարձությունները համեմատել ուկրաինական Մայդանի հետ, նույնիսկ Ռուսաստանի ջանքերով փորձ է արվում Միացյալ Նահանգների պետքարտուղարության հետքը տեսնել Բաղրամյան պողոտայում: Ավելին՝ ռուսաստանցի պաշտոնյաները ընդհուպ ասում են՝ եթե իրենք լինեին հայ պաշտոնյաների փոխարեն, վաղուց Ձեզ՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանին, վտարած կլինեին:

– Չեմ կարծում, որ որեւէ նմանություն կա այն ամենի մեջ, ինչ մենք տեսնում ենք Երեւանի կենտրոնում, եւ այն պայքարի, որի ականատեսն էինք Ուկրաինայի Մայդանում: Եվ անշուշտ Միացյալ Նահանգներն այս ամենի մեջ որեւէ կերպ ներգրավված չէ: Ինչպես եւ նշեցիք, սա միանշանակ ինքնաբուխ շարժում է մտահոգված հայ քաղաքացիների կողմից, որոնք հավաքվեցին մեկ խնդրի շուրջ: Եվ մեր դերն այս զարգացումներում հետեւելն է, ինչն անում են բոլոր դիվանագետները` հետեւել այստեղ դեպքերի զարգացումներին եւ որպես բարեկամներ՝ մեր ձայնը բարձրացնել, ինչպես մենք արեցինք երեքշաբթի օրը, երբ մեր կարծիքով առկա է խնդիր, որը պետք է բարձրացվի:

Հայաստանի իշխանությունների հետ Ձեր շփումներում փորձե՞լ եք օգնության ձեռք մեկնել, առաջարկել լուծումներ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Ի դեպ, չեն բացառվում ազգայնացման գործընթացները կամ մեկ այլ սեփականատիրոջ օտարելու հնարավորությունները: Միացյալ Նահանգները ինչպիսի՞ լուծումներ է պատկերացնում ստեղծված իրավիճակից:

– Ինչպես նշեցի, սրանք բարդ որոշումներ են, եւ օտարերկրյա դիվանագետներս նման որոշումների վերաբերյալ կարծիք հայտնելու իրավասություն չունենք: Սա որոշում է, որ պետք է կայացվի կառավարության կողմից՝ մտահոգ ու շահագրգիռ մյուս կողմերի մասնակցությամբ:

XS
SM
MD
LG