Մատչելի հղումներ

՝՝Վաշինգտոն Փոսթ՛՛. Հայաստանում դժգոհությունը նաեւ քաղաքական դրդապատճառներով է


՝՝Վաշինգտոն Փոսթ՛՛ ամերիկյան օրաթերթը Երեւանում ընթացող բողոքի ցույցերի մասին ընդարձակ մի հոդված է տպագրել հունիսի 24-ի իր համարում։ Պատմելով իրադարձությունների ընթացքի մասին՝ հայազգի լրագրող Գարուն Դեմիրճյանը գրում է, որ մի քանի օրերի ընթացքում ծավալվելով, այս ցույցերը դարձել են 2Օ13 թվականից ի վեր ամենամարդաշատ բողոքի ակցիան։ Հեղինակը հիշեցնում է, որ այն օրերին հազարավոր ցուցարարներ բողոքում էին նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ընտրության դեմ։

՝՝Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կողմից իրականացվող տնտեսական պատժամիջոցները մեծապես ազդում են նաեւ Հայաստանի վրա, որը իր եկամուտների 2Օ տոկոսը ստանում է Ռուսաստանից փոխանցումների միջոցով՛՛։ Հեղինակի խոսքերով, էլեկտրաէներգիայի գները 16 տոկոսով բարձրացնելու մասին որոշումն է դարձել բողոքի զանգվածային ցույցերի պատճառ։ ՝՝Սակայն ցույցերն այսքան մարդաշատ չէին լինի, եթե չլիներ համընդհանուր դժգոհություն ոչ միայն տնտեսական այլ նաեւ երկրի քաղաքական իրավիճակի հանդեպ՛՛։ Հեղինակն իր ընթերցողներին տեղեկացնում է, որ հասարակությունը Հայաստանում մեծապես բեւեռացված է, իշխանությունները՝ լեգիտիմության տեսանկյունից շատ թույլ՛՛։ Մեջբերելով Երեւանի Կովկասի հարցերով ինստիտուտի քաղաքական փորձագետ ու տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերը՝ թերթը գրում է, թե ՝՝մարդիկ այսօր այս եղանակով են իրենց դժգոհությունն արտահայտում երկրի նախագահի, ոստիկանության ու կառավարող Հանրապետական կուսակցության նկատմամբ։

՝՝Վաշինգտոն Փոստ՛՛-ի հոդվածագիրը, համառոտ ներկայացնելով հունիսի 24-ի իրադարձությունները, անդրադառնում է Երեւանի իրադարձությունների կապակցությամբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչների տեսակետներին, ըստ որոնց, Երեւանի բողոքի ալիքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ բողոքի հերթական քայլն է։

՝՝Սակայն ռուսական լրատվական մի շարք գործակալություններ մեջբերում են այն փորձագետների խոսքերը, ովքեր հայտարարում են, թե Հայաստանի բողոքի ցույցերի հետեւում կանգնած է ԱՄՆ-ը՝ իր ՝՝գունավոր հեղափոխության՛՛ տարբերանշանով՛՛։

Գարուն Դեմիրճյանն իր հոդվածն ավարտում է հետեւյալ խոսքերով. ՝՝Ցույցերը հիմնականում խուսափում են Արեւմուտքին կամ Արեւելքին աջակցելու մասին քաղաքական բացահայտ ուղերձներից։

XS
SM
MD
LG