Մատչելի հղումներ

Պենտագոն. Իսլամական պետություն խմբավորումը կոչնչացվի


Մերձավոր Արեւելքում այսօր հսկայական սոցիալ-քաղաքական իրարանցում է, հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարտերը: Կոնգրեսում անցած լսումների ընթացքում ներկայացնելով ԱՄՆ-ի ռազմավարությունը Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, Քարտերն ընդգծել է, որ այն կենտրոնացած է լինելու երկու հիմնական նպատակների շուրջ՝ դադարեցնել Իրանի ռազմական միջուկային ծրագիրը եւ ոչնչացնել Իսլամական Պետությունն ու այլ ահաբեկչական խմբավորումները.

«Իսլամական Պետություն խմբավորումը, որը մահացու վտանգ է ներկայացնում մեր երկրի եւ մեր դաշնակիցների համար, պետք է վերջնականապես ոչնչացվի եւ այն կոչնչացվի»:

Էշթոն Քարտերի խոսքով, արդյունավետ ռազմավարությունը պետք է իր մեջ ներառի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մարդասիրական եւ ռազմական միջոցներ: Անդրադառնալով Իրանին, պաշտպանության քարտուղարը նշել է, թե այն նույնպես լուրջ վտանգ է հանդիսանում Միացյալ Նահանգների շահերին.

«Իրանի վնասակար ազդեցությունը տարածաշրջանում Մերձավոր Արեւելքում մեր շահերի դեմն ուղղված մեկ այլ լուրջ խոչընդոտ է»:

Պաշտպանական գերատեսչության գնահատականի հետ սակայն չի համաձայնել լսումները վարող կոնգրեսականներից մեկը: Կոնգրեսական Ադամ Սմիթի կարծիքով՝ Իրանն ու Իսլամական պետություն խմբավորման ծայրահեղականներին չի կարելի նույն հարթության վրա դնել եւ համաչափ վտանգներ համարել.

«Ինչ էլ որ ասվի Իրանի հասցեին, լրջագույն տարբերությունն այն է, որ Իսլամական պետություն խմբավորման զինյալներն արթնանում են յուրաքանչյուր առավոտ որքան հնարավոր է շատ ամերիկացիներ սպանելու մտադրությամբ»:

ԱՄՆ-ի բանակի Միացյալ Շտաբերի Պետերի ղեկավար գեներալ Մարտին Դեմփսին անդրադառնալով Մերձավոր Արեւելքում Միացյալ Նահանգների քաղաքականությանը հայտարարել է, որ շեշտը պետք է դնել Արեւմուտքի նկատմամբ դրականորեն տրամադրված տարածաշրջանի ներքին ուժերի վրա.

«Տեւական կայունությունը չի կարող պարտադրվել դրսից, կայունությունը պետք է զարգացվի ներսում՝ հենց տարածաշրջանում գտնվող ուժերի վրա հիմնվելով»:

Գեներալը հիշեցրել է, որ իսլամական հավատքի հենց ներսում ծայրահեղականների շարժմանն ի պատասխան զարգանում է մեղմ իսլամի կողմնակիցների շարժումը:

XS
SM
MD
LG