Մատչելի հղումներ

Էնթոնի Բարսամյան. «Հայերը մտնում են բարգավաճման փուլ»


Ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է և մոտ ապագայի խնդիր է, համոզված են Միացյալ Նահանգների հայերը:

«Ցեղասպանությունից հետո անցած 100 տարիների ընթացքում հայ ժողովուրդը հաղթահարել է գոյատևման փուլը և մտնում է բարգավաճման փուլ», - «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասաց Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ, Խարբերդի և Սեբաստիայի հայերի ժառանգ Էնթոնի Բարսամյանը։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, նա ասաց, թե կասկած չունի՝ Ցեղասպանության լիարժեք ճանաչման խնդիրը մոտ ապագայում իրականություն կդառնա։

«Աշխարհն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, և այժմ խնդիրն այն է, թե երբ այն կճանաչվի Թուրքիայում», - ասաց Բարսամյանը։

Նրա խոսքով՝ հենց Թուրքիայի քաղաքացիները պետք է սեփական կառավարությունից պահանջեն ընդունել իրենց պատմության մութ դրվագները:

Ինչ վերաբերում է հայ - թուրքական հաշտեցմանը, Էնթոնի Բարսամյանը համոզմունք հայտնեց, որ այն պետք է հետևի ճանաչմանը: Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ հայ - թուրքական երկխոսությունը հաշտեցման պարտադիր և անհրաժեշտ տարրերից մեկն է:

Չնայած ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խոշորագույն միջոցառումները կանցկացվեն մայիսի սկզբին Վաշինգտոնում, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների ողջ տարածքում անցնելու են տեղական միջոցառումներ, պատարագներ, երթեր և հիշատակի երեկոներ: ԱՄՆ-ի գրեթե յուրաքանչյուր նահանգում ստեղծվել են Հայոց ցեղասպանության հիշատակի կոմիտեներ, որոնց աշխատանքները համակարգում են տեղական համայնքների առաջնորդները, Ամերիկայի հայկական կազմակերպությունները և Հայ Առաքելական եկեղեցին:

XS
SM
MD
LG