Մատչելի հղումներ

Վաշինգտոնին մտահոգում է Չինաստանի գործունեությունն ինտերնետում


Միացյալ Նահանգների Անձնակազմի կառավարման պետական վարչության վրա կատարված կիբեր հարձակման հեղինակներին հաջողվել է ապօրինի ձեռք բերել ավելի քան չորս միլիոն ամերիկյան պետական ծառայողների անձնական տվյալներ: ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն անուններ դեռեւս չի հրապարակում, սակայն, իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոչ պաշտոնապես հայտնում են, որ հարձակման հեղինակները գտնվում են Չինաստանում: Ոչ պաշտոնական մեղադրանքին չինական կողմը պաշտոնապես արձագանքել է սեփական արտգործնախարարության խոսնակի միջոցով.

«Հույս ունենք, մեղադրանքների փոխարեն Միացյալ Նահանգներն այս ոլորտում վստահություն ու համագործակցություն կցուցաբերի»:

Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեստը նշել է, որ անհրաժեշտ է հավասարակշիռ հետաքննություն կատարել եւ դեռեւս վաղ է մատնանշել հարձակման կոնկրետ մեղավորներին: Միեւնույն ժամանակ, Էրնեստն ավելացրել է, որ Միացյալ Նահանգները տեղեկացված է Չինաստանից բխող վտանգի մասին.

«Նախագահ Օբաման Չինաստանի նախագահի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ բարձրացրել է Չինաստանի՝ ինտերնետում ակտիվ գործունեություն ծավալելու խնդիրը՝ որպես մտահոգության առարկա»:

Միեւնույն ժամանակ, Սպիտակ տան խոսնակը հիշեցրել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը համագործակցում են մի շարք կարեւոր ուղղություններով.

«Միացյալ Նահանգներն ու Չինաստանը արդյունավետ են աշխատել մեր ազգային անվտանգության հզորացմանն ուղղված մի շարք ուղղություններով»:

Մասնագետների խոսքով, կիբեր հարձակման մակարդակն ու կազմակերպվածությունը թույլ են տալիս եզրակացնել, որ հարձակվողները ոչ թե մասնավոր անձինք են եղել, այլ պետություններ կամ պետական մարմիններ:

XS
SM
MD
LG