«Տեսլա» ընկերության նորարարությունը կարող է հիմնովին փոխել երկրի ապագան, դարձնելով մոլորակն ավելի անվտանգ ու մաքուր:
Միացյալ Նահանգներում էներգետիկ հեղափոխություն է տեղի ունեցել: «Տեսլա» ընկերության կողմից մշակված նորարարության շնորհիվ՝ քամու եւ արեւային էներգիայի արժեքն ավելի ցածր է լինելու, քան միջուկային էներգիան: Ներկայացնելով նոր մարտկոցը, «Տեսլայի» հիմնադիր, հայտնի նորարար եւ գործարար Էլոն Մասկն ասաց, որ նորարարությունը արմատապես այլ հեռանկարներ է բացում.
«Ես պատրաստվում եմ պատմել հիմնարար փոփոխությունների մասին, այն մասին, թե ինչպես է փոխվելու էներգիայի շրջանառությունը մոլորակի շուրջ»:
Նշենք, որ մինչ այս նորարարությունը, ամենամատչելի էլեկտրաէներգիան համարվում էր միջուկայինը, որի արժեքն էր 18-20 սենտ մեկ կիլովատտի դիմաց: Անշուշտ, 2,5 սենտ արժեցող քամու կամ 6 սենտ արժեցող արեւային էներգիան ավելի մատչելի է, սակայն՝ ոչ հուսալի, քանի որ քամու կամ արեւի բացակայության դեպքում այն դադարում է արտադրվել:
Մասկի հիմնական նորարարությունն այն է, որ «Տեսլան» հզոր մարտկոցներ է մշակել, որոնց արժեքը, մեկ կիլովատ լիցքավորվող էներգիայի դիմաց, ընդամենը երկու սենտ է կազմում, մինչդեռ նախկինում այդ արժեքը 15-20 սենտի էր հասնում: Այսպիսով, եթե «Տեսլայի» մարտկոցը միանա քամու կամ արեւային էներգիայի սարքին, ապա այդ էլեկտրաէներգիայի արժեքը կկազմի ընդամենը 5-ից 8 սենտ, այսինքն, կստացվի ոչ միայն վստահելի եւ էկոլոգիապես մաքուր, այլեւ ամենամատչելի էլեկտրաէներգիայի աղբյուր:
«Եթե ցանկանաք, կարող եք ընդհանրապես էլեկտրական ցանցից դուրս գալ եւ ինքնուրույն ապահովել ձեր տան բոլոր կարիքները, շենքի կտուրին արեւային վահանակներ տեղադրելով»:
Մասկն ասաց նաեւ, որ ամբողջ դահլիճը, որտեղ ներկայացվել են նոր մարտկոցները, ապահովվել է էլեկտրականությամբ հենց այդ մարտկոցների շնորհիվ, որոնք էլ լիցքավորվել են օրվա ընթացքում տանիքի տեղադրված արեւային վահանակների միջոցով.
«Այնպես որ՝ մենք էլէկտրական ցանցից ոչ մի կիլովատ էլեկտրաեներգիա չենք ստացել, այս ամբողջ երեկոն լուսավորվել է արեւի մթերված լույսով»:
Ընկերության կողմից առաջարկվող ամենափոքր մարտկոցի արժեքն է 3000 դոլար, մեկ ամբողջ լիցքավորում բավարար է, որպեսզի մի քանի սենյականոց տունը 24 ժամ լիարժեք էլեկտրականությամբ ապահովվի:
Նշենք, որ «Տեսլա» ընկերությունն արտադրում է նաեւ բացառապես էլեկտրականությամբ աշխատող ավտոմեքենաներ, որոնք հասարակ մեքենաներից տարբերվում են միայն անձայն ընթացքով եւ բարձր արժեքով: Այսպիսով, մասնագետների կարծիքով, մի քանի տարի անց էներգակիրների կարիքը կարող է ընդհանրապես նվազել, տեղը զիջելով էկոլոգիապես եւ վերականգնվող էներգիայի աղբյուրներին, որոնք նաեւ կլինեն ամենամատչելին:
Ինչպես ընդգծեց իր ելույթում Էլոն Մասկը.
«Սա է ապագան, որին մենք կարող ենք հասնել, եւ սա է միակ ճանապարհը»: