Մատչելի հղումներ

Ինչ են մտածում նոր պատերազմի մասին Հայաստանում ու Ադրբեջանում


՝՝Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նոր պատերազմը մեծապես կտարբերվի 9Օ-ականների Ղարաբաղյան պատերազմից։ Նոր պատերազմը, եթե հանկարծ այն սկսվի, կհենվի բարձր տեխնոլոգիական սարքավորումներով հագեցած զենքերի վրա, երբ կողմերը կփորձեն միմյանց հարվածել հեռվից։ Սակայն այս բախումը լուծում չի բերի, քանի դեռ չեն բախվել ցամաքային ուժերը՛՛։ Այս կարծիքն է ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին հայտնում Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով վերլուծաբան Ուեյն Մերրին։

Այսօր, երբ ավելի հաճախակի են դարձել սահմանային բախումները հայկական ու ադրբեջանական ուժերի միջեւ, շատերը ենթադրում են, որ պատերազմը դառնում է անխուսափելի։ Ինչպես վերլուծաբան Ուեյն Մերրին է ասում, ՝՝կողմերը հավանաբար ուզում են սկսել կարճ մի պատերազմ՝ ուժի մեջ դնելով հեռահար զենքեր, սպասելով մեծ տերությունների միջամտությանը։ Սակայն ռազմական եղանակով խնդիրը լուծելու համար պատերազմը շատ ավելի դաժան պիտի լինի։ Այսինքն՝ կողմերը պիտի անցնեն մեկը մյուսի սահմանները, գրավեն տարածքներ, դառնան քաղաքացիական զոհերի պատճառ։ Ես կասկածում եմ, որ ռազմական նման բախումը կհանգեցնի քաղաքական լուծման՛՛, ասում է Ուեյն Մերրին։

Նրա խոսքերով, կողմերը չունեն ռազմական նույն կարողությոննեը, սակայն չունեն նաեւ ռազմական նույն հմտությունները, եւ այդ առումով պատերազմը չի կարող ունենալ վճառական մեծ նշանակություն որեւէ կողմի համար, ասում է նա։ ՝՝Ավելին, կարող է մեծ պարտություն լինել երկուսի համար էլ՛՛։

Ուեյն Մերրիի խոսքերով, ով հաճախ է այցելում Հայաստան, հայերը կարծում են, որ պատերազմը կլինի կարճ եւ իրենք հեշտ կհաղթեն։ Սակայն հայկական կողմը թերագնահատում է Ադրբեջանի ռազմական կարողությունների ծավալը։ Ադրբեջանի քաղաքական վերնախավն էլ մեծ վստահություն է տածում ռազմական բնագավառում իր ներդրումների նկատմամբ։
՝՝Սակայն զգուշացնում եմ նրանց, որ բարձր տեխնոլոգիական զենքերը նույնը չեն, ինչ ռազմական կարողությունները։ Ադրբեջանի ղեկավարությունը գերագնահատում է ռազմական իր կարողութունները, իսկ հայերը՝ Ադրբեջանի ռազմական բնագավառում՝ բարելավումները՛՛, ասում է նա։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ Հայաստանի ու Թուրքիայի հետ Ադրբեջանի հույսերին, ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի զրուցակիցը չի կարծում, որ հայ-ադրբեջանական խնդրի պատճառով Մոսկվան ու Անկարան կմտնեն հակամարտության մեջ, հատկապես, երբ Ռուսաստանի շահերից է բխում ստատուս քվոն։

Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ, Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով վերլուծաբան Ուեյն Մերրին, որը հայտնվել է Ադրբեջանի սեւ ցուցակում՝ առանց Բաքվի թույլտվության Լեռնային Ղարաբաղ այց կատարելու պատճառով, գտնում է, որ Ղարաբաղ մեկնած հայտնի մարդկանց Ադրբեջան մուտք գործելու հնարավորությունից զրկելու Բաքվի քաղաքականությունը վնասակար է հենց Ադրբեջանի համար։

՝՝Փոխարենը Լեռնային Ղարաբաղ մեկնած գործիչներին նաեւ Բաքու հրավիրելը, Ադրբեջանը հայտնի 38Օ անձանց զրկել է իր տարածք մուտք գործլու հնարավորությունից, այն դեպքում, երբ նրանք ղարաբաղյան խնդրին Բաքվում կարող էին նայել նաեւ Ադրբեջանի տեսանկյունից։ Այդ պատճառով է, որ Հայաստանում ծիծաղում են Ադրբեջանի այս քաղաքականության վրա՛՛, եզրափակում է Ուեյն Մերրին։
XS
SM
MD
LG