Մատչելի հղումներ

Հայազգի լուսանկարիչ Քարշի աշխատանքների ցուցահանդես՝ ԱՄՆ-ի ազգային պատկերասրահում


ԱՄՆ-ի ազգային պատկերասրահում անցկացվում է հայազգի հայտնի լուսանկարիչ Յուսուֆ (Հովսեփ) Քարշի ստեղծագործություններին նվիրված ցուցահանդես, որի խորագիրն է «Յուսուֆ Քարշ. Ամերիկյան դիմանկարներ»:

Ցուցահանդեսն անցկացվում է երկու փուլով. մինչև գալիք տարվա ապրիլի 27-ն անցկացվող ցուցահանդեսը կազմված կլինի հայազգի լուսանկարչի այրի Էստրելիտա Քարշի կողմից թանգարանին նվիրաբերված 109 աշխատանքից, իսկ 2014 թվականի մայիսի 2-ից մինչև նոյեմբերի 2-ն անցկացվող ցուցահանդեսին կավելացվի Քարշի ևս 27 աշխատանք:

«Քարշը, նախքան հայրենիքը լքելը և Կանադայում, որտեղ ինքն անցկացրել է իր կյանքի մեծ մասը, բնակություն հաստատելը, ականատես է եղել Հայոց ցեղասպանության մղձավանջին: Հնարավոր է, որ իր կյանքի վաղ շրջանում ապրած անզորության զգացումն իր համար գրավիչ էր դարձնում իշխանություն ունեցող մարդկանց», - ասված է հայազգի լուսանկարչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը նվիրված ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականում հրապարակված հոդվածում:

Հոդվածում նշված է նաև, որ, ի տարբերություն անցյալ տարի դիմանկարների վարպետ-լուսանկարիչ իր գործընկերների, Քարշը երբեք չէր փորձում իր աշխատանքների հերոսներին պատկերել վերջիններիս համար անհարմար պահերին, ինչի համար ինքը հաճախակի ենթարկվում էր քննադատության:

«Քարշը հայտի է որպես համակրող լուսանկարիչ, որը կարողանում էր արտացոլել իր աշխատանքներում պատկերված մարդկանց ամենալավ կողմերը», - գրում է «Վաշինգտոն Փոստ»-ը:

ԱՄՆ-ի ազգային պատկերասրահում հայազգի լուսանկարիչ Յուսուֆ (Հովսեփ) Քարշի աշխատանքների ցուցահանդեսում ներառված են նրա հայտնի այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլի, դերասանուհի Ջորջիա Օ՛Քիֆի, երգիչ Մերիեն Էնդերսոնի, դերասանուհի Գրեյս Քելիի, գործարար Էլիզաբեթ Արդենի և ԱՄՆ-ի առաջին տիկին Էլեանոր Ռուզվելթի դիմանկարները:
XS
SM
MD
LG