Մատչելի հղումներ

Ֆրանսիան հորդորել է Իսրայելին դադարեցնել բնակավայրերի կառուցումը


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հորդորել է Իրսյալին դադարեցնել գրավված տարածքներում հրեական բնակավայրերի կառուցումը՝ ասելով, որ շինարարությունը բարդացնում է պաղեստինցիների հետ անցկացվող բանակցությունները:

Ռամալլահ քաղաքում երկուշաբթի օրը պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասի հետ անցկացված մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Օլանդն ասել է, որ Իսրայելի կողմից բնակավայրերի շարունակվող կառուցումը դժվարացնում է «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքով լուծում գտնելուն ուղղված աշխատանքը:

Իսրայելի և պաղեստինցիների բանագնացներն այս տարվա հուլիսին բանակցությունների նոր փուլ են մեկնարկել՝ պարտավորություն ստանձնելով բանակցությունները շարունակել ինն ամսվա ընթացքում: Բանակցություններն անցկացվում են գաղտնի եղանակով, սակայն երկու կողմերը նշել են, որ մինչ այժմ առաջընթաց գրեթե չի գրանցվել:

Պաղեստինցիների նախագահ Աբբասը երկուշաբթի օրն այնուամենայնիվ նշել է, որ բանակցային գործընթացը կշարունակվի նախանշված ինն ամսվա ընթացքում:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ սառեցրել էր Հորդանան գետի արևմտյան ափին 20 հազար նոր բնակարաններ կառուցելու ծրագրերը՝ տեղի տալով միջազգային հանրության կողմից գործադրվող ճնշմանը:

Նեթանյահուի կարգադրության համաձայն, սառեցվել են Երուսաղեմի մոտակայքում գտնվող` «E1» անվանումը կրող և առանձնակի զգայուն համարվող տարածքում շինարարական աշխատանքների իրականացման ծրագրերը:

Իսրայելի վարչապետի հայտարարության համաձայն, Երուսաղեմի մոտակայքում գտնվող «Е1» տարածքում շինարարության ծրագրերը կարող են դառնալ միջազգային հանրության հետ «ավելորդ առճակատման պատճառն» այն ժամանակ, երբ իր կառավարությունը փորձում է ուղղել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին մասնակցող աշխարհի տերությունների տրամադրվածությունն Իրանի դեմ:

Իսրայելի կողմից 1967 թվականի պատերազմի արդյունքում գրավված Հորդանան գետի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում այժմ բնակվում է ավելի քան կես միլիոն իսրայելցի: Միջազգային հանրությունն անօրինական է համարում այս տարածքներում Իսրայելի կառուցած բնակավայրերը:
XS
SM
MD
LG