Մատչելի հղումներ

Եգիպտոսում սպանել են «Մահմեդական եղբայրության» մոնիթորինգ իրականացնող բարձրաստիճան պաշտոնյային


Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում զինյալների կողմից իրականացված գործողության արդյունքում սպանվել է երկրի անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Երկրի իշխանությունների համաձայն, փոխգնդապետ Մոհամեդ Մաբրուքը, որի պարտականությունների մեջ էր մտնում «Մահմեդական եղբայրության» գործունեության մոնիթորինգի իրականացումը, սպանվել էր Կահիրեում իր տան մոտ՝ զինյալների կողմից բացված հրազենային կրակից:

Սպանության համար որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել:

Եգիպտոսի վարչապետ Հազեմ էլ-Բեբլավին դատապարտել է սպանությունը՝ նշելով, որ կառավարությունը չի հանդուրժի քրեական և ահաբեկչական գործողություններ:

Մաբրուքի սպանությունն իրականացվել է Եգիպտոսում երեք ամիս տևած պարետային ժամի և արտակարգ իրավիճակի գործողությունը դադարեցնելուց օրեր անց:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մորսին անցյալ շաբաթ հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն երկրում կայունությունը չի վերականգնվելու այնքան ժամանակ, մինչև «չհետադարձվի իր տապալմանը բերած հեղաշրջումը և պատասխանատվության չենթարկվեն մեղավորները»:

Մորսիի փաստաբանի կողմից հրապարակված նամակում Եգիպտոսի տապալված նախագահը գովասանքի խոսքեր էր ուղղել իր տապալման դեմ հանդես եկող ցուցարարներին և դավաճանության մեջ մեղադրել երկրի զինված ուժերի հրամանատար, գեներալ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիին:
XS
SM
MD
LG