Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը օգնություն կցուցաբերի Կազանում ավիավթարի հետաքննության գործում


ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության ազգային խորհուրդը Ռուսաստան կգործուղի տեխնիկական ոլորտի մասնագետների, ովքեր օգնություն կցուցաբերեն Կազանի օդանավակայանում «Բոինգ-737» օդանավի կործանման պատճառների հետաքննության գործում:

«Բոինգ» ընկերությունն իր հերթին պաշտոնական կայքում հրապարակել է հաղորդագրություն, որի համաձայն ընկերությունը տեխնիկական աջակցություն կցուցաբերի ավիավթարի պատճառների հետաքննությանը՝Ռուսաստանի Միջպետական ավիացիոն հանձնաժողովի ղեկավարության ներքո:

«Խորը ցավակցություն ենք հայտնում Մոսկվայից Կազան թռիչք կատարող «Թաթարստան» ավիաընկերության օդանավի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին», - ասված է ընկերության հայտարարության մեջ:

Կազանի օդանավակայանում նախօրեին տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել են բոլոր 44 ուղևորներն ու անձնակազմի վեց անդամները: Ավիավթարի հետևանքով զոհվածների թվում են Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովի որդի Իրեք Միննիխանովն ու Ռուսաստանի ԱԴԲ-ի Թաթարստանի վարչության պետ Ալեքսանդր Անտոնովը:

Ավիավթարի վայրում երկուշաբթի օրը շարունակել են աշխատել Ռուսաստանի ներքին գործերի ավելի քան 500 ծառայող և երկու ուղղաթիռ, ինչպես նաև Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ավելի քան 600 ծառայող: Կազանի օդանավակայանը փակ է մնում:

Թաթարստանի նախագահին և զոհվածների հարազատներին ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Զոհվածների հարազատներին և մերձավորներին «Թվիթեր»-ում իր էջի միջոցով ցավակցություն է հայտնել Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Մայքլ ՄըքՖոլը:

Կազանում տասնյակ զոհերի պատճառը դարձած ավիավթարի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Թաթարստանի Հանրապետությունում նոյեմբերի 18-ը սգո օր է հայտարարվել:
XS
SM
MD
LG