Մատչելի հղումներ

Եվրամիությունը վերանայելու է Եգիպտոսի հետ իր հարաբերությունները


Եվրոպական Միությունը հայտարարել է, թե ՝՝հրատապ կերպով վերանայելու է՛՛ Եգիպտոսի հետ իր հարաբերությունները, որտեղ շարունակվում են անվտանգության ուժերի ու նախագահ Մոհամեդ Մուրսիի աջակիցների միջեւ մահաբեր բախումները։ Եվրոպական հանձնաժողովի ու Եվրոպայի խորհրդի ղեկավարների կողմից կիրակի օրը հրապարակված համատեղ հայտարարության մեջ ասված է, թե չի կարելի անտեսել ՝՝ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները հարգելու կոչերը ու չի կարելի դրանք լվանալ արյամբ՛՛։
Հոսե Մանուել Բարրոսոն եւ Հերման Վան Ռոմփեյն իրենց հայտարարության մեջ նշում են, որ բռնություններին վերջ տալու պատասխանատվությունը Եգիպտոսի բանակինն է ու ժամանակավոր կառավարությանը։ Երկու ղեկավարները նաեւ մտահոգություն են արտահայտում ամբողջ տարածաշրջանի վրա այստեղ շարունակվող բռնությունների հնարավոր հետեւանքների կապակցությամբ։

Այլ հաղորդագրությունների համաձայն Լիբիայի Բենղազի քաղաքում ռումբ է պայթել Եգիպտոսի հյուպատոսարանի մոտ։ Տարածաշրջանի մի շարք քաղաքներում անց են կացվել Եգիպտոսի անվտանգության ուժերի կողմից քաղաքացիների դեմ կիրառվող բռնությունները դատապարտող ցույցեր։ Իսրայելի մի քանի հազար արաբներ, Եգիպտոսի դրոշներ թափահարելով ու Մուրսիի նկարներ կրելով, երթ են անցկացրել հյուսիսային Նազարեթ քաղաքում։ Նախորդ օրը Թունիսում հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել Եգիպտոսի դեսպանատան առջեւ։ Հազարավոր ցուցարարներ երթեր են անցկացրել Անկարայում ու Ստամբուլում։ Ինդոնեզիայում եւ Մալազիայում եւս մահմեդականների կողմից անց են կացվել երթեր՝ պահանջելով, որ Եգիպտոսի կառավարությունը հրաժարվի ցուցարարների դեմ ուժ կիրառելու փորձառությունից։

XS
SM
MD
LG