Մատչելի հղումներ

Ալ-Քաիդայի առաջին հարձակումը՝ միջազգային նախազգուշացումներից հետո


Ալ-Քաիդան հարձակում է իրականացրել Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում գտնվող Հնդկաստանի հյուպատոսարանի ուղղությամբ։ Հարձակման արդյունքում սպանվել է 9 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Կան երկու տասնյակից ավելի վիրավորներ։

Ստուգման անցակետում պահակազորի անդամները կանգնեցրել են մի մեքենայի, որի միջից դուրս ցատկելով, երկու զինյալներ կրակ են բացել զինվորականների ուղղությամբ։ Մյուս մահապարտ զինյալը մնացել է ավտոմեքենայի մեջ ու պայթեցրել այն։ Ավտոմեքենայի պայթյունից սպանվել են նաեւ մյուս երկու զինյալները։ Մեծապես վնասվել են մոտակայքում գտնվող մզկիթն ու տասնյակ տներ։ Հնդկաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ չի տուժել հյուպատոսության որեւէ աշխատակից։
Թալիբանը, որը զինված պայքար է մղում Արեւմուտքի աջակցությունը վայելող Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի կառավարության դեմ, իր վրա չի վերցրել այս հարձակման պատասխանատվությունը։

Հնդկաստանի հյուպատոսարանի դեմ այս հարձակումն ԱՄՆ-ի կողմից երեկ նախազգուշական հայտարարության հրապարակումից ի վեր իրականացված առաջին գործողությունն էր։ Հայտարարության մեջ ասված էր, թե ստացվել են տեղեկություններ այն մասին, որ ալ-Քաիդան օգոստոս ամսին ծրագրում է զանգվածային հարձակումներ, մասնավորապես Մերձավոր Արեւելքում ու հյուսիսաֆրիկյան երկրներում։

ԱՄՆ-ը մի քանի օրով փակել է 22 երկրներում գտնվող իր դեսպանատներն ու հյուպատոսարանները։

XS
SM
MD
LG