Մատչելի հղումներ

Իսրայելն ազատ է արձակելու պաղեստինցի կալանավորների


Իսրայելը համաձայնվել է պաղեստինցիների հետ խաղաղության բանակցությունները վերսկսելու նպատակով բանտերից ազատ արձակել պաղեստինցի մի շարք բանտարկյալների։ Սակայն ինչպես ռազմավարական հարցերով նախարար Յուվալ Շտայնիցն է ասել, ՝՝ծանրքաշային՛՛ մի շարք պաղեստինցիների ազատ արձակումից զատ, Իսրայելը չի ընդունի բանակցություններ սկսելու համար պաղեստինցիների կողմից ներկայացվող սահմանային հարցերը։

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Ջոն Քերրին նախորդ օրն էր հայտարարել, թե կողմերը ՝՝գծել են արդեն երեք տարի փակուղի մտած բանակցությունները վերսկսելու հատակագիծը՛՛, սակայն ասել էր նա, գործարքը դեռեւս վերջնական չէ ու պահանջում է դիվանագիտական հավելյալ ջանք։

Շտայնիցն ասել է, թե Իսրայելը պատրաստ է ազատ արձակել պաղեստինցի մեծ թվով բանտարկյալների, ովքեր ազատազրկման մեջ են արդեն մի քանի տասնյակ տարի։ Նրա խոսքերով, ազատ արձակման գործընթացը կիրականցվի փուլերով։ Սակայն նա չի ասել ազատ արձակման ենթակա պաղեստինցիների թիվը։

Պաղեստինցիները 1993 թվականից ի վեր, երբ կնքվեց Օսլոյի համաձայնագիրը, պահանջում են ձերբակալված իրենց հայրենակիցների ազատ արձակումը։ Այդ պայմանագրով է նախատեսվում Արեւելյալ Երուսաղեմի տարածքում, Հորդանան գետի արեւմտյան ափում ու Գազայի գոտում պաղեստինյան անկախ պետության հիմնադրումը։

Մինչեւ Օսլոյի պայմանագրի կնքումը Իսրայելի բանտերում արդեն կար պաղեստինցի մոտ 1ՕՕ կալանավոր։ Շտայնիցն ասել է, թե ազատ արձակման ենթակա պաղեստինցիների մեջ կան նաեւ այնպիսիք, ովքեր դատապարտվել են իսրայելցիների դեմ քրեական ծանր հանցագործություններ։

XS
SM
MD
LG