Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը նախատեսում է կրճատումներ արտաքին հատկացումների ծրագրերում


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովն առաջարկել է կրճատումներ իրականացնել 2Օ14 թվականի արտաքին հատկացումներում։

Դեռեւս հայտնի չէ, թե ինչ ծավալներով հատկացումներ կհաստատվեն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար, սակայն հստակ է, որ որոշ նախագծեր մինչեւ 6Օ տոկոսի կրճատման տակ դնելու մասին այս որոշումը բացասաբար կազդի ԱՄՆ-ից հատկացումներ ստացող գրեթե բոլոր երկրների վրա։

Ինչպես Ամերիկայի հայ դատի հանձնախումբն է տեղեկացնում, այժմ, երբ Կոնգրեսը քննարկում է արտաքին հատկացումների ծրագրերում աննախադեպ կրճատումներ իրականացնելու հարցը, Ամերիկայի հայ ընտրողները Ներկայացուցիչների պալատի ու Սենատի իրենց կոնգրեսականներին պիտի տեղեկացնեն, թե Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված ամերիկյան օգնության այս ծրագրերն ինչ կարեւոր տեղ ունեն ռազմավարական այս շրջանում ամերիկյան շահերի համար։

Ենթահանձնաժողովի որոշումը հուլիսի 24-ին քննարկելու է Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հանձնաժողովը։ Դրան զուգահեռ Սենատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը ներկայացնելու է իր տեսակետները։

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում, որ ԱՄՆ-ում հայազգի քաղաքացիները հորդորեն իրենց տարածքներից ընտրված կոնգրեսականներին, ապահովել առնվազն 5 միլիոն դոլարի հատկացում Լեռնային Ղարաբաղին, առնվազն 5Օ միլիոն՝ Հայաստանին, որ Վրաստանին տրամադրվող հատկացումների 1Օ տոկոսն ուղղվի Ջավախքում նոր աշխատատեղեր բացելու նպատակով։ Կոչ է արվում նաեւ, որ խստացվի Ադրբեջանի համար կազմված թիվ 9Օ7 բանաձեւը։

XS
SM
MD
LG