Ֆրանսիայի իշխանությունները հաղորդում են, թե Փարիզի հարավային հատվածում տեղի ունեցած երկաթուղային աղետը, որին զոհ էր գնացել առնվազն 6 մարդ, մարդկային սխալի արդյունք չի եղել։
Փոխադրամիջոցների նախարարը գովեստի խոսքեր է ասել գնացքի վարորդի կողմից իրականացված արագ գործողությունների համար եւ ավելացրել, թե հետաքննությունը կենտրոնանալու է հիմնականում երկաթուղային կառուցվածքի վրա։
Նրա խոսքերով, եթե գնացքը վարողը շատ արագ չհասցներ տեղեկացնել երկաթգծերից գնացքը դուրս գալու մասին, մի քանի վայրկյան հետո այս գնացքին էր հարվածելու նույն գծով սլացող մեկ այլ շարժակազմ։
Հիշեցնենք, որ գնացքն ուրբաթ օրն էր դուրս եկել գծերից ու բախվել կայարաններից մեկի կառամատույցին։
Վթարից հետո այն տպավորությունն էր ստեղծվել, որ գնացքի ավերված կույտների մեջ մեծաթիվ մարդիկ են մնացել։
Աղետը տեղի ունեցավ այն օրերին, երբ մեծաթիվ ընտանիքներ ուղեւորվում էին քաղաքից դուրս ամառային արձակուրդներն անցկացնելու համար։ Բացի այդ այս շաբաթավերջը տոնական է Ֆրանսիայում, որտեղ նշում են այս երկրի ամենամեծ տոնը՝ Բաստիլի օրը։