Մատչելի հղումներ

Ջոն Քերրին գոհ է մերձավորարեւելյան շրջագայությունից. Իսրայելն ու պաղեստինցիները՝ ոչ


ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին ասել է, թե իրեն հաջողվել է ՝՝նկատելիորեն՛՛ նեղացնել Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ ճեղքվածքը, ու հավատացած է, որ կողմերի միջեւ խաղաղության բանակցությունները վերսկսելու պահը շատ մոտ է։

Քերրին այս մասին հայտարարել է կիրակի օրը՝ Թել Ավիվից հետ վերադառնալուց առաջ՝ ավարտելով Իսրայելի ու պաղեստինցիների հետ 4 օր տեւած բանակցությունների շարքը։

Նա առաջընթացի մասին որեւէ այլ մանրամասնություն չի հայտնել ու չի ասել, թե երբ են արդեն 4 տարի սառեցված վիճակում գտնովող բանակցությունները վերսկսվելու։

Մինչեւ Թել Ավիվի օդանավակայան մեկնելը ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետը Հորդանան գետի արեւմտյան ափում գտնվող Ռամալլահ քաղաքում հանդիպել էր պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասին ու ասել, թե առաջընթացն ՝՝իրական՛՛ է՝ միեւնույն ժամանակ ընդունելով, որ կողմերը շտկելու դեռեւս մի քանի հարցեր ունեն։

Իսկ ահա պաղեստինցիների գլխավոր բանագնաց Սաեբ Էրեքաթն ասել է, թե Քերրի-Աբբաս հանդիպումը դրական էր, սակայն ցույց չի տվել խնդիրը փակուղուց դուրս բերելու ուղի։

Իսրայելի վարչապետի հետ շաբաթ օրն անցկացված չորսժամյա հանդիպումից հետո Բենյամին Նեթանյահուն ցույց չի տվել իր կարծր դիրքերից հրաժարվելու որեւէ նշան։ Նա ասել է, թե պատրաստ է բանակցել Աբբասի հետ, սակայն առանց նախապայմանների։
Աբբասը երկար ժամանակ է հրաժարվում խաղաղության բանակցություններից, պահանջելով, որ Իսրայելը նախ դադարեցնի վիճահարույց տարածքներում հրեական նոր թաղամասերի կառուցման աշխատանքները։

XS
SM
MD
LG