Մատչելի հղումներ

Էկվադորը Սնոուդընին տրամադրել է ապաստան


Մոսկվայում Էկվադորի դեսպանության աշխատակիցները սպասում են Սնոուդընի օդանավի վայրէջքին

ԱՄՆ-ի հետախուզության նախկին գաղտնի գործակալ Էդուարդ Սնոուդընը, որին ԱՄՆ-ում մեղադրում են գաղտնի տեղեկություններ հրապարակելու եւ ԱՄՆ-ի դեմ լրտեսելու մեջ, կիրակի օրը ապաստան է խնդրել Էկվադորի իշխանություններից։ Դրանից առաջ Հոնկոնգը նրան տվել էր այստեղից Ռուսաստան մեկնելու իրավունք, ինչը դիտվում է քաղական մի հարված Վաշինգտոնին։

Օդանավը Մոսկվայում վայրէջք կատարելուց հետո Էկվադորի արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պաթինոն հայտարարել է, թե նախարարությունը Սնոուդընից ստացել է ապաստան ստանալու խնդրանքով դիմում։

ԱՄՆ-ի նախագահը շարունակ փորձել է վերականգնել լավ հարաբերությունները Ռուսաստանի ու կառուցել համագործակցության հիմքեր Չինաստանի հետ, սակայն այս երկու երկրների ղեկավարներն էլ այս քայլով հարված են հասցնում Օբամայի հեղինակությանը, ում հետ վերջերս էին հանդիպումներ անցկացրել Մեծ ութնյակի գագաթաժողովի ժամանակ։

ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնատար անձանցից մեկն ասել է, թե Վաշինգտոնն արեւմտյան կիսագնդի երկրներին հորդորել է արգելել Սնոուդընի երթեւեկությունը եւ վերադարձնել նրան ԱՄՆ։

ԱՄՆ-ի սենատորներից Չարլզ Շումերը մեղադրել է Ռուսաստանի նախագահին, վստահ լինելով, որ վերջինս նախապես է թույլատրել Սնոուդընի ճամբորդությունը Ռուսաստան։ Սենատորը կարծում է, որ այս քայլով ՝՝լուրջ հետեւանքներ՛՛ առաջ կգան ռուս-ամերիկյան հարաբերություններում, որոնք արդեն իսկ լարված են Սիրայի հակամարտության շուրջ առկա տարաձայնությունների պատճառով։
Սնոուդընի անարգելք ճամբորդությունն իրականացնելու մեջ Շումերը մեղադրում է նաեւ Չինաստանին՝ համոզված լինելով, որ Հոնկոնգում ընդունված որոշումը նաեւ ՝՝Պեկինի ձեռքի գործն է՛՛։

Ըստ որոշ տեղեկությունների, ՝՝WikiLeaks՛՛-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, որին Էկվադորի իշխանություններն անցյալ տարի էին տրամադրել քաղաքական ապաստան, անցյալ շաբաթ հանդիպում է ունեցել այս երկրի արտաքին գործերի նախարարի հետ՝ կոչ անելով նրան հարգել Սնոուդընի դիմումը։ Իսկ՝՝WikiLeaks՛՛-ի իրավական հարցերով բաժնի տնօրենն այս պահին ղեկավարում է կամավոր դատապաշտպանների այն խումբը, որը Սնոուդընին տալիս է Ամերիկայում բանտարկվելու հնարավորությունից խուսափելու խորհուրդներ։

XS
SM
MD
LG