Մատչելի հղումներ

Թեհրանում նշում են Ռոուհանիի հաղթանակը



Իրանի մայրաքաղաք Թեհրանում մարդկանց հոծ զանգվածներ դուրս ելել փողոցներ՝ նշելու նախագահի պաշտոնում չափավոր դիրքեր զբաղեցնող հոգեւորական Հասան Ռոուհանիի ընտրությունը։

Որպես բարեփոխական թեկնածու հանդես եկած Ռոուհանին զարմացրել է դիտորդներին՝ ընտրությունների ընթացքում ձայների ավելի քան 5Օ տոկոսը ստանալու փաստով, որը նրան ազատեց երկրորդ տեղում հայտնված թեկնածուի հետ երկրորդ փուլին մասնակցելուց։

Ռոուհանիի ընտրության փաստն ազդանշանն է այն բանի, որ իրանցիների մեծ մասն այսօր ցանկանում է, որ Իրանն ազատվի միջազգային պատժամիջոցներից եւ երկիրը դուրս գա մեկուսացումից, ինչի պատճառը եղել է ներկա նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վարած արտաքին քաղաքականությունը։ Ընտրություններից մի քանի օր առաջ Ռոուհանին խոստացել էր կատարել այդ փոփոխությունը։

Իսրայելը հայտարարել է, թե նախագահի փոփոխությամբ չի կարելի ակնկալել իրական բարեփոխումներ այս երկրում, որտեղ արտաքին քաղաքականության շուրջ որոշումների մեծ մասը կայացնում է ոչ թե նախագահը, այլ՝ երկրի հոգեւոր առաջնորդը՝ Այաթոլլահ Ալի Խամենեին։ Սակայն աշխարհի մեծ թվով երկրների առաջնորդներ, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունը եւ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Քեթրին Էշթընը, ողջունել են Ռոուհանիի հաղթանակը ու հայտնել նրա կառավարության հետ համագործակցություն սկսելու հույս։

Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ԱՄՆ-ի կառավարությունը, որտեղ ասված է, թե ԱՄՆ-ը շարունակում է մնալ պատրաստ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու հարցում։
Ռոուհանին Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի Այաթոլահ Խամենեիի առջեւ օգոստոսի 3-ին անցկացվելիք երդման արարողությունից հետո։

XS
SM
MD
LG