Պակիստանի նոր կառավարությունը դիվանագիտական բողոք է ներկայացրել Վաշինգտոնին՝ անօդաչու թռչող օդանավի կողմից գրոհ ձեռնարկելու համար, ինչի արդյունքում Աֆղանստանի հետ սահմանի վրա 7 զինյալ էր սպանվել։
Բողոքի նոտան հանձնելու կապակցությամբ արտաքին գործերի նախարարություն է կանչվել Պակիստանում ԱՄՆ-ի փոխդեսպան Ռիչարդ Հոգլանդը, քանի որ օդային գրոհի ժամանակ դեսպան Ռիչարդ Օլսոնը բացակայել է երկրից։
Անօդաչու թռչող օդանավի կողմից այս գրոհն իրականացվեց վարչապետի պաշտոնում Նավազ Շարիֆի երդման արարողությունից երկու օր անց։ Արարողության ժամանակ արտասանած իր ճառում վերջինս ԱՄՆ-ին կոչ էր արել անհապաղ դադարեցնել օդային նման գրոհներն իր երկրի տարածքում։
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման անցյալ ամիս էր հայտարարել, թե մտադիր է կրճատել անօդաչու օդանավերով իրականացվող գրոհները։