Աշխարհի երկու ամենախոշոր տնտեսություններն ունեցող երկրների՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի առաջնորդներն ուրբաթ օրն ուշ երեկոյան սկսեցին երկօրյա հանդիպումներ։ Կալիֆորնիայում անցկացվող հանդիպումների շարքն ունի երկու պետությունների միջեւ առկա լարվածությունը մեղմելու նպատակ։
Լոս Անջելեսի Սանիլենդզ թաղամասում Բարաք Օբամայի ու Քսի Ջինպինգի միջեւ ոչ պաշտոնական բանակցությունները նրանց միջեւ առաջին հանդիպումն էր այն բանից հետո, երբ Քսին դարձավ Չինաստանի նախագահ։
Նախագահ Օբաման հույս է հայտնել, որ երկու երկրները միասնաբար կաշխատեն զանազան հարցերի շուրջ, այդ թվում կիբերային անվտանգության բնագավառում։ Հիշեցնենք, որ վերջերս տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ չինական որոշ ընկերություններ կիբերային (համակարգչային) լրտեսության արդյունքում հափշտակել էին ԱՄՆ-ի ռազմական ու առեւտրային մի շարք գաղտնիքներ։
Չինաստանի առաջնորդը հույս է հայտնել, որ երկու այս երկրները կարող են կառուցել ՝՝խոշոր երկրներին հարիր՛՛ հարաբերությունների լավ օրինակ։
Երկու ղեկավարները շուտով անդրադառնալու են Չինաստանի կողմից իրականացվող համակարգչային հարձակումների վերաբերյալ ԱՄՆ-ի մտահոգություններին։ Կողմերը քննարկելու են նաեւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի աճող դերի շուրջ Չինաստանի մտահոգությունները։ Կողմերի միջեւ քննարկման ամենակարեւոր հարցերից մեկը լինելու է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը։