Մատչելի հղումներ

Ուժեղ գրոհ՝ Սիրիայի կառավարական ուժերի կողմից


Սիրիայի կառավարական ուժերը ռազմավարական նշանակություն ունեցող Քուսաիր քաղաքն ապստամներից հետ գրավելու նպատակով իրականացրել են մեկ շաբաթ այստեղ մղվող մարտերում ամենաուժեղ գրոհը։

Ըստ ընդդիմադիր ուժերից ստացված հաղորդագրությունների, քաղաքի գլխավոր ճանապարհների վրա են տեղացել կառավարական ուժերից արձակված բազում արկեր ու հրթիռներ։ Ապստամբները փորձում են իրենց վերահսկողության տակ պահել Քուսաիրը՝ Լիբանանից իրենց մատակարարումների գիծը պաշտպանելու համար։

Շաբաթ օրն ավելի ուշ Լիբանանից գործող Հեզբուլլահ շարժման ղեկավար Հասան Նասրալլահը հանդես է գալու կարեւոր մի ճառով, երբ Լիբանանը նշում է 2ՕՕՕ թվականին Լիբանանից իսրայելյան ուժերի դուրս բերման տարեդարձը։ Այս օրն այստեղ ամեն տարի նշվում է որպես ռազմական մեծ հաղթանակի օր։

Ռուսաստանն ուրբաթ օրը հայտարարել էր, որ Սիրիայի կառավարությունը համաձայնվել է մասնակցել քաղաքացիական պատերազմն ավարտելու եւ այստեղ անցումային կառավարություն հիմնելու հարցով միջազգային խաղաղության վեհաժողովին։ Սակայն Ռուսաստանի արտգործնախարարությունն ավելի ուշ հայտարարել էր, թե դեռեւս չի հաջողվում որոշել վեհաժողովի անցկացման օրը, քանի որ պարզ չէ, թե ով է հանդես գալու Սիրիայի ընդդիմության անունից։

XS
SM
MD
LG