Մատչելի հղումներ

Գերմանիայում կալանավորվել է Աուշվիցի նախկին ՝՝խոհարարը՛՛


93-ամյա Հանս Լիփշիսին, որին ԱՄՆ-ից վտարել էին՝ ֆաշիստական իր անցյալի մասին սուտ տեղեկություններ հայտնելու մեղադրանքով, կալանավորել են Գերմանիայում՝ Աուշվիթցի մահվան ճամբարում ծառայելու մեղադրանքով։ Կալանավորումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հետաքննիչներին հաջողվել է պարզել, որ նա 1941-45 թվականների ընթացքում մասնակցել է համակենտրոնացման այս ճամբարում իրականացված հանցագործություններին։ Լիփշիսն ընդունել է այստեղ ծառայելու փաստը, սակայն պնդում է, թե աշխատել է որպես խոհարար ու չի մասնակցել այն բռնություններին, որոնք իրականացվել են ճամբարում։

Դատախազն ասել է, թե բժիշկները բավարար են համարում Լիփշիսի առողջական վիճակը՝ նրան կալանատանը պահելու համար։ Վերջինս չունի դատապաշտպան եւ պետական պաշտպանի ընտրության հարցն էլ դեռեւս լուծված չէ։ Լիպշիսին ԱՄՆ-ից վտարել էին դեռեւս 1983 թվականին, որտեղ նա բնակվել էր 195Օ-ականներից։

Գերմանիայի իշխանություններին չէր հաջողվում գտնել պատերազմի հանցագործությունների մեջ նրան մեղադրելու հիմքեր։ Սակայն այժմ Գերմանիայում պատերազմի հանցագործությունների մեղադրանքներ են ներկայացնում յուրաքանչյուրին, ով ծառայել է համակենտրոնացման ճամբարներում, անկախ նրանց զբաղեցրած պաշտոններից ու ստանձնած պարտավորություններից՝ հենվելով այն եզրահանգման վրա, որ համակենտրոնացման ճամբարների միակ նպատակը եղել է մարդկանց ոչնչացումը։

194Օ-45 թվականների ընթացքում միայն Աուշվիցի համակենտրոնացման ճամբարում սպանվել է մոտ 1.5 միլիոն մարդ։




XS
SM
MD
LG