Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաստատում են Իսրայելի կողմից Սիրիայի դեմ իրականացված գրոհների մասին լուրը


ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք հայտնում են, որ Իսրայելն օդային հարձակում է իրականացրել Սիրիայում։ Լուրը հաստատել է նաեւ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի անդամներից մեկը։ Իսրայելում, նախապես չցանկանալով մեկնաբանել այս լուրը, ավելի ուշ որոշ շրջանակներ հաստատել են այն։ Գրոհն իրականացվել է ընդդեմ զենքերի պահոցների, սակայն չի հաղորդվում, թե արդյոք Իսրայելի ռազմաօդանավերը մուտք գործել են Սիրիայի օդային տարածք, թե՝ ոչ։
Լրագրողներին այս մասին հայտնել են ԱՄՆ-ի պաշտոնատար մի շարք անձինք, խնդրելով իրենց անունները չհրապարակել։ ԱՄՆ-ի կառավարությունը դեռեւս հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ։

Իսրայելը, նախքան պաշտոնապես այս լուրը հաստատելը, հայտարարել էր, թե թույլ չի տալու, որ Սիրիայի վարչակարգից քիմիական զենքերն անցնեն ահաբեկիչներին։
Հիշեցնենք, որ Իսրայելն օդային հարձակում էր իրականացրել Սիրիայի դեմ նաեւ հունվար ամսին։ Գրոհն իրականացվել էր մի ավտոշարասյան դեմ, որն, ըստ Իսրայելի, ուղղություն էր վերցրել դեպի Լիբանանից գործող Հեզբուլլահի ապստամբ ուժերի դիրքերը։

XS
SM
MD
LG