Մատչելի հղումներ

Բանգլադեշում ձերբակալվել է փլուզված գործարանի տերը


Բանգլադեշի ոստիկանությունը կալանավորել է այն գործարանի սեփականատիրոջը, որին պատկանող գործարանի փլուզման հետեւանքով 377 մարդ էր զոհվել անցյալ շաբաթ։ Սեփականատիրոջը՝ Մոհամեդ Սոհել Ռանային հայտնաբերել են Հնդկաստանի հետ սահմանի մոտ։ Վերջինս փախուստի էր դիմել գործարանի փլուզման դեպքից անմիջապես հետո։
Ոստիկանությունը նախորդ օրը ձերբակալել էր գործարանի երկու այլ բարձրաստիճան պաշտոնյաների ու երկու ճարտարագետների։ Այս գործով մինչ այժմ ձերբակալվածների թիվը հասել է յոթի։

Իրավապահ մարմինները հայտարարում են, թե Ռանան ու գործարանի վարչության անդամներն անտեսել են փլուզումից մեկ օր առաջ շենքում ճեղքվածք հայտաբերվելուց հետո շենքից բոլոր աշխատավորներին դուրս բերելու պաշտոնական նախազգուշացումները։
Փրկարարական խմբերը կիրակի օրը շարունակում էին կենդանի մարդկանց հայտնաբերել փլատակների տակ։ Իշխանությունները մինչեւ կիրակի օրն արգելել էին ծանր սարքավորումների կիրառումը, խուսափելու համար կենդանի մնացածներին վնասելու հնարավորությունից։
Շաբաթ օրվանից ի վեր փլատակների տակից դուրս է բերվել 3Օ մարդ։ Փլուզումից հետո ազատվել է 24ՕՕ աշխատավոր, որոնց կեսը՝ մարմնական վնասվածքներով։
Փլուզման ժամանակ գործարանում աշխատելիս է եղել ավելի քան 3ՕՕՕ մարդ։

Մայրաքաղաք Դհաքայում շարունակվում են երկրի արդյունաբերության բնագավառում աշխատող անձանց անվտանգությունը պաշտպանելու պահանջով սկսված ցույցերը։

XS
SM
MD
LG