ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Ջոն Քերրին ասել է, թե Վաշինգտոնը կրկնապատկելու է Սիրիայի ընդդիմությանը հատկացվող օժանդակությունը՝ հատկացնելով եւս 123 միլիոն դոլար։
Այս մասին հայտարարությամբ Քերրին հանդես է եկել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում՝ տասը այն երկրների իր պաշտոնակիցների հետ հանդիպման ժամանակ, որոնք նույնպես խոստացել են օգնել Սիրիայի ընդդիմությանն այս երկրի կառավարական ուժերի դեմ արդեն երկու տարի ընթացող քաղաքացիական պատերազմում։
ԱՄՆ-ի կողմից նոր հատկացումները կօգնեն ձեռք բերել ՝՝ոչ մահաբեր՛՛ ռազմական սարքավորումներ։ Սպիտակ տնից ստացված լուրերի համաձայն, նախագահ Բարաք Օբաման թույլատրել այդ գումարներով գնել մարմինը հրազենային կրակից պաշտպանող զրահներ ու գիշերային հեռադիտակներ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը հրաժարվել է զենք մատակարարել Սիրիայի ապստամբներին։
Կիրակի օրն անցկացված բանակցությունների ընթացքում Քերրին հորդորել է ներկա գտնվող երկրների արտգործնախարարներին զարկ տալ Սիրիայի ընդդիմության նկատմամբ աջակցությանը՝ միջազգային օգնության ծավալները հասցնելով մինչեւ մեկ միլիարդ դոլարի։