Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահը Քոննեքթիքութում մասնակցելու է 26 զոհերի հիշատակի արարողությանը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը մեկնելու է Քոննեքթիքութ նահանգի Նյութաուն քաղաքը, որտեղ տարրական դպրոցներից մեկում 2Օ տարեկան մի երիտասարդ երկու օր առաջ զենքի կիրառամամբ սպանել էր 2Օ երեխա ու դպրոցի 6 աշխատակիցների, այդ թվում՝ դպրոցի տնօրենին։
Սպիտակ տունը տեղեկացնում է, որ Օբաման հանդիպելու է իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին։ Ավելի ուշ՝ երեկոյան Օբաման մասնակցելու է զոհերի հիշատակի արարողություններին։
Նահանգային ոստիկանության հաղորդման համաձայն, սպանվածներից 12-ը աղջիկներ են, 8-ը՝ տղաներ։ Վեցից յոթ տարեկան բոլոր երեխաները եղել են առաջին դասարանի աշակերտներ։ Սպանված աշխատակիցներից բոլորը կանայք են։
Քոննեքթիքութի դատաբժշկական հետաքննության ընթացքում պարզվել է, որ բոլորը սպանվել են մոտ տարածքից ՝՝Բուշմասթըր՛՛ մակնիշի ինքնաձիգ հրացանից արձակված բազմակի կրակոցների արդյունքում։ Սպանդն իրականացրած երիտասարդի դիակի մոտ ոստիկանները նաեւ հայտնաբերել են երկու նռնակ։
Կիրակի օրը սկսվելու է հարձակումն իրականացրած Ադամ Լանզայի, ինչպես նաեւ նրա կողմից ավելի վաղ նույն օրը սպանված նրա մոր մարմինների դատաբժշկական հետազոտությունը։
Իշխանությունները դեռեւս չեն պարզել այս հարձակումն իրականացնելու դրդապատճառները։ Պաշտոնատար որոշ անձինք, խնդրելով իրենց անունները չհրապարակել, ասել են, թե այժմ ունեն փաստարկներ, որոնք կարող են բացահայտել դրդապատճառները։
Լանզան, ըստ նրան ծանոթ մարդկանց, եղել է հանգիստ, երբեմն՝ վախկոտ բնավորության տեր, սակայն՝ ընդունակ երիտասարդ։

XS
SM
MD
LG