Նախագահ Մորսին երեքշաբթի օրն էր հայտարարել, թե իր կողմից ընդունվող որոշումները չեն կարող ենթարկվել դատական համակարգի կողմից քննության, որից հետո երկրում սկսվել էին բողոքի ցույցեր։ Ցույցերը Կահիրեի Թահրիրի հրապարակում շարունակվում էին նաեւ շաբաթ օրը, որոնց ընթացքում անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են կիրառել, ժողովրդին ցրելու նպատակով։
Մորսիի հրամանագրով Եգիպտոսի արդարադատության վերին ատյանը զրկվում է խորհրդարանի վերին պալատը եւ նոր սահմանադրության նախագիծ ներկայացնող կառույցը ցրելու իրավունքից։ Ի դեպ, երկու այս մարմիններում էլ մեծամասնություն են կազմում Մորսիի իսլամիստ դաշնակիցները։
Մորսին հրամայել է նաեւ վերանայել նախկին այն պաշտոնյաների դատական գործերը, որոնք դատապարտվել էին անցյալ տարվա հեղափոխական շարժման ժամանակ ժողովրդի դեմ բռնություններ կիրառելու մեղադրանքներով։
Մորսին նման գործողությունների է դիմում Իսրայելի ու Գազայի գոտու միջեւ հրադադար հաստատելու գործում իրականացրած միջնորդական գործունեության համար միջազգային համայնքի գովասանքին արժանանալուց հետո։
ԱՄՆ-ը պաշտոնապես իր մտահոգությունն է արտահայտել Մորսիի հրամանագրի կապակցությամբ։