Մատչելի հղումներ

Սիրիայում ուրբաթ օրն ուժի մեջ մտավ չորսօրյա հրադադարը


Սիրիայում ուրբաթ օրն ուժի մեջ մտավ չորսօրյա հրադադարը, որի նպատակը մահմեդական Էիդ ալ Ադհա տոնը խաղաղ պայմաններում անցկացնելն է։ Երկրի հեռուստատեսությունն ուրբաթ օրը ցուցադրեց նախագահ Բաշար ալ Ասադին տոնի կապակցությամբ կրոնական մի արարողության մասնակցելու ժամանակ։
Սակայն տեղից ստացված որոշ հաղորդագրությունների համաձայն, կառավարական ու ապստմբ ուժերի միջեւ բախումներ են գրանցվել Իդլիբի գավառում։
Սիրիայի բանակը հինգշաբթի օրը հայտարարել էր, թե կհարգի հրադադարը սակայն զերծ չի մնա ապստամբների կողմից հարձակումները կասեցնելու հնարավորությունից։
Նման հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ ապստամբ ուժերի Ազատ Սիրիայի բանակի հրամանատարներից մեկը, որը խոստացել էր հարգել հրադադարը, սակայն հարձակման ենթարկվելու դեպքում դիմել գործողությունների։

Այլ հաղորդագրությունների համաձայն, Սաուդյան Արաբիան, առանց մանրամասնություններ հաղորդելու, Ջեդդահի սիրիական հյուպատոսությունից արտաքսել է սիրիացի երեք աշխատակիցների՝ ՝՝իրենց աշխատանքին ոչ հարիր գործունեությամբ զբաղվելու՛՛ պատճառաբանությամբ։

Հիմնականում սուննի մահմեդական ազգաբնակչություն ունեցող Սաուդյան թագավորությունը Դամասկոսում իր դեսպանությունը փակել էր դեռեւս մարտ ամսին։ Իր հերթին Սիրիան եւ վերջինիս դաշնակից շիա մահմեդական Իրանը մեղադրում են Սաուդյան Արաբիային եւ սուննի մահմեդական այլ երկրների, ապստամբներին աջակցելով, Սիրիայի քաղաքացիական պատերազմը խրախուսելու մեջ։
XS
SM
MD
LG